Արցախում նախագահ են ընտրում. Panorama.am-ը տեղում հետևում է քվեարկությանը (տեսանյութ)
8:15-ի դրությամբ Panorama.am-ի նկարահանող խումբը եղել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում տեղակայված թիվ 17 ընտրատեղամասում: 858 ընտրողներից այդ պահին տեղամսում քվեարկությունը կատարել և դրան էին սպասում մոտ տասնհինգ քաղաքացի: Ընտրողներն ակտիվ են, բայց կուտակումներ կամ հերթեր չկան:
Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, ընտրատեղամասի դռները բացվել են ճիշտ ժամանակին՝ 8:00-ին: Մինչ այդ տեղամասում եղել են միջազգային դիտորդները՝ մասնավորապես Կանադայի խորհրդարանի անդամներն ու ռուս դիտորդները: Նրանք որևէ խախտում կամ թերացում չեն արձանագրել:
Օրվա ընթացքում Panorama.am-ը քվեարկության ընթացքի վերաբերյալ կներկայացնի թարմ լուրեր, տեսանյութեր, լուսանկարներ:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուները երեքն են. գործող նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, երեկվա դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98.909 մարդ:
Արցախի ԸՕ-ի համաձայն, ընտրություններից երկու օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի օրինակը պետք է փակցվի տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
ԿԸՀ տրամադրած տվյալներով, կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Նշենք, որ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար այսօր Արցախ կմեկնի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև տեղական 4 հասարակական կազմակերպություններ` ԼՂՀ «Արցախի ժուռնալիստների միություն», ԼՂՀ վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» ՀԿ, ԼՂՀ «Հայկի սերունդ» երիտասարդական ՀԿ, «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ:
Արցախի ընտրություններին կհետևեն նաև ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներն ու ՌԴ պետդումայի պատգամավորները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները