Լսողության խնդիրներ ունեցողների համար պետական աջակցությունը այլևս չի՞ արվի «для галочки»
Օրերս Panorama.am-ն անդրադարձել էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ու գրել այն մասին, որ թեև պետությունը հանձն է առել հաշմանդամներին ապահովել անհրաժեշտ պարագաներով` անվասայլակ, հենակ, պրոթեզ, նաև լսողական սարքեր և այլն, բայց միշտ չէ, որ այդ սարքավորումները, այսպես ասած, պիտանի են լինում հաշմանդամին, և այդ մարդիկ ստիպված են լինում սեփական գրպանից կամ բարերարների օգնությամբ գնել անհրաժեշտը: Այլ կերպ ասած ստացվում է, որ պետությունն, այո, աջակցում է իր իսկ քաղաքացիներին, բայց երբեմն այդ աջակցությունն ավելի շատ նման է «для галочки» արված մի բանի, քանի որ տրամադրված պարագաները ոչ միշտ են, որ պիտանի են:
Այդպես, մեզ հետ զրույցում «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը ներկայացրել էր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման հետազոտությունը , համաձայն որի պետության կողմից տրամադրված պրոթեզաօրթոպեդիկ պարագաները օգտագործում են միայն կարիք ունեցողների 60 տոկոսը, 17 տոկոսը դրանք գնել է ինքնուրույն, 16 տոկոսը ստացել է հասարակական կազմակերպություններից, իսկ 7 տոկոսն էլ այլ աղբյուրներից։
Սուրեն Մաղաքյանը նաև ասել էր, որ այս ամենի ճիշտ լուծումը նրանում է, թերևս, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ինչ-որ բան նախծաձեռնելիս պետությունը, նախևառաջ, լսի նաև նրանց` ի՞նչ է ավելի ընդունելի, ի՞նչ է ավելի ճիշտ և այլ նմանատիպ հարցերի պատասխաններ ստանալու համար:
Կառավարությունն այսօրվա իր նիստում մի որոշում է ընդունել, համաձայն որի ` հնարավոր է թեթևանան լսողության խնդիրներ ունեցող անձանց սարքավորումներ ձեռք բերելու հետ կապված խնդիրները: Նախքան ներկայացնելը, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ որոշումը նշենք, որ մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ արժեն լսողական սարքերը:
Մասնագիտացված ընկերություններից մեկի կոնսուլտանտ-վաճառողը մեզ ներկայացրեց այդ գները. լսողական սարքերը իրենց մոտ սկսվում են 95 հազար դրամից, իսկ գնային առավելագույն շեմն անցնում է 1 մլն դրամը: Վաճառողուհին դժվարացավ ասել, թե ինչ արժեն կոնկրետ խորը ծանր լսողություն ունեցող անձանց համար անհրաժեշտ սարքավորումները, քանի որ, նշեց նա, յուրաքանյուր անձի համար սարքն ինդիվիդուալ է ընտրվում: Պետպատվեր ասվածն էլ ոչ բոլոր լսողության խնդիրներ ունեցող անձանց վրա է տարածվում, այլ կոնկրետ տարիքային խմբի ու կոնկրետ սարքավորումների համար:
Ինչպես մեզ բացատրեցին, անվճար սարքավորում կարող է ստանալ 12-30 տարեկան տարիքային խմբի լսողության խնդիր ունեցող անձը, եթե ունի համապատասխան պետական ուղեգիր և նախորդ հինգ տարիների ընթացքում նմանատիպ սարքավորում արդեն չի ստացել: Սակայն գնային առումով սարքավորումները տատանվում են 100 հազար դրամից փոքր-ինչ ավելիի սահմանում... ստացվում է, որ սա հենց այն դեպքն է, երբ պետական աջակցությամբ սարքավորումը տրվում է, բայց լիարժեք չի համապատասխանում քաղաքացուն, քանի որ արդեն իսկ սահմանափակում կա գնային քաղաքականության մեջ տեղավորվող սարքավորման առումով և անձի հիվանդության ինդիվիդուալությունը անցնում է հետին պլան:
Իսկ ահա ինչ է ասում կառավարության այսօրվա նիստում կայացված որոշումը: Ըստ դրա լրացումներ և փոփոխություն է կատարվել 2007 թ. ապրիլի 12-ի` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման և օգտագործման ժամկետները կանոնակարգող որոշման մեջ և պետական հավաստագրի տրամադրման միջոցով մասնավորապես լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորություն է ստեղծվել ընտրելու և ձեռք բերելու իրենց լսողությանը համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր։
Համաձայն այս որոշման, խորը ծանր լսողություն ունեցող անձինք, ովքեր կարիք ունեն գերհզոր և թանկարժեք սարքերի, դրանց ձեռքբերման համար կստանան պետական աջակցություն հավաստագրի արժեքի չափով։
Հուսանք, որ այս ամենի արդյունքում գոնե լսողության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների համար պետական աջակցությունը «для галочки» այսուհետ այլևս չի արվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա