Մանասերյան. Արժեզրկվող եվրոն նպաստավոր է դարձնում ԵՄ երկրների արտահանման հնարավորությունները
Այսօր Իտալիայի նշանավոր Լեչ համալսարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին ելույթով հանդես է եկել «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա ելույթը նվիրված էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի «երկրորդ ալիքի» պայմաններում Եվրամիության միասնական արժույթի` եվրոյի դիրքերի ամրապնդման հեռանկարներին:
Մասնավորապես, Մանասերյանը շեշտել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը: Որպես օրինակ բանախոսը մեջբերել է Հայաստանի հետ խոր և համպարփակ ազատ առևտրի գոտուն միանալու շուրջ բանակցությունների նախնական արդյունքները, որոնք հիմք են տալու ոչ թե միակողմանի օգուտներ ակնկալել Հայաստանի համար, այլ հիմնականում նպաստելու են փոխշահավետ համագործակցության ծավալմանը:
Ներկայումս Եվրամիության համար գրավիչ կարող են դասվել Հայաստանի մրցակցային այնպիսի առավելություններ, ինչպիսիք են էներգետիկայի բնագավառը (հատկապես վերականգնվող և այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրների գծով ձեռքբերումները), ոսկերչության և ադամանդագործության արտադրանքը, սննդամթերքի արտադրության որոշ ճյուղեր, ինչպես նաև գիտատար արտադրություններ:
Հատուկ ուշադրություն բևեռվեց նաև զբոսաշրջության առանձին ենթաճյուղերին: Անդրադառնալով եվրոյի դիրքերի ամրապնդման հեռանկարներին, պրոֆեսոր Մանասերյանը նշել է, որ արժեզրկվող եվրոն խիստ նպաստավոր է դարձնում հատկապես Եվրամիության երկրների արտահանման հնարավորությունները, առաջին հերթին դեպի ԱՄՆ, ինչն էլ կարող է ժամանակի ընթացքում մեղմել դոլար-եվրո փոխարժեքի ներկայիս անցանկալի տատանումները:
Եվրամիության երկրներից արտահանման առավել հավանական ոլորտներից առանձնացվել են զբոսաշրջիկների ներգրավումը ԱՄՆ-ից, արդյունաբերական սարքավորումների, ինչպես նաև ծառայությունների մի շարք տեսակների արտահանումը, ինչը լրացուցիչ դոլարային ներհոսք կապահովի Եվրամիություն` որոշակիորեն ազդելով նաև դոլարի առաջարկի ավելացմանն ու դրա փոխարժեքի հարաբերական անկմանը:
Ավելի գլոբալ առումով բանախոսը կարևորեց ԵՄ երկրների ֆիսկալ, դրամավարկային և այլ պարտավորությունների ժամանակին կատարման և պատշաճ վերահսկողության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը:
Պրոֆեսոր Մանասերյանի ելույթն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ, որից հետո մասնակիցներն անցել են առանձին դրույթների քննարկմանը: