ԱԺ պատգամավորի որդու տանը ատրճանակ են հայտնաբերել
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` նախօրեին երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու` Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավորի որդին մեղադրվում է մեքենա առևանգելու համար և ձերբակալված է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում նախօրեին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1982 թ. ծնված Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները