«Երբ կհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան,…». 45-րդ անգամ Գանձայում անցկացվելու է «Տերյանական պոեզիայի օրեր»
Հուլիսի 21-ին Ջավախքի Գանձա գյուղում անցկացվելու է արդեն ավանդական դարձած «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառումը: Միջոցառումն անցկացվում է 45-րդ անգամ. հիմնադրվել է 1967 թվականին ու սովորաբար տեղի է ունենում հուլիսի նախավերջի կիրակի օրը: Իսկ թե ինչու հենց այդ օրը, Panorama.am-ին մեկնաբանեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը.
«1905 թվականին Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը ու դեռևս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի հետ մասնակցել է Վարդավառի տոնախմբությանն ու միասին բարձրացել են «ժամին սարի» սրբատեղին: Տոնի հիմնադիրները նկատի են ունեցել հենց այդ պատմական պահը, երբ երկու դասականներ միասին այդ օրերին եղել են Գանձայում»:
Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Տերյանական պոեզիայի օրերին» մասնակցելու համար Գանձա է մեկնելու նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Լ. Անանյանն ասաց, որ միջոցառման ծրագրով նախատեսված է այցելություն Տերյանի տուն-թանգարան, այնուհետև մասնակցություն պատարագի, որից հետո սկսվելու է արդեն բուն տոնակատարություն` դաշտահանդեսը, որին մասնակցում են հազարավոր տերյանասերներ Հայաստանից, Ջավախքից, գրողներ, գրականագետներ, ասմունքողներ: Տերյան են ընթերցելու Ազատ Գասպարյանն ու Անդրանիկ Հարությունյանը, ելույթ են ունենալու «Կարին» ազգագրական համույթը, «Ղարաբաղի բալիկներ» պարի համույթը:
Լ. Անանյանը նաև նշեց, որ հայերեն ելույթները թարգմանվելու են վրացերեն, վրացերենն էլ հայերեն, մինչդեռ նախորդ տարի ամեն ինչ եղել է միայն ռուսերենով:
Միջոցառման կազմակերպիչներն են «Ջավախք» հայրենակցական միությունը, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնը, Հայաստանի գրողների միությունը, այս տարի նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում:
«Երբ կհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան,
Եվ կդառնան օրերն այն, որ անդարձ անցան»... (Վ. Տերյան)