Ասի գնա, լվացվի, թրաշվի. ադրբեջանական քարոզչություն անելու համար ազատազրկման դատապարտված Ակոջյանը արդարացվեց
Վերնիսաժում «Արմյանսկի տեռորիզմ»-ը վաճառելու և ադրբեջանական քարոզչություն անելու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Սպարտակ Ակոջյանին այսօր Հայաստանի քրեական գործերով Վերաքննիչ դատարանը հանցակազմի բացակայության պատճառով գործի վարույթը կարճեց և արդարացրեց:
«Ուղարկեցի տուն, ասի գնա, լվացվի, թրաշվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ակոջյանի փաստաբան Էդվարդ Չինարյանը: Նա ասաց, որ չէր սպասում, որ Վերաքննիչ դատարանը նման որոշում կկայացնի, սակայն Ակոջյանին արդարացնելու փաստը նրան շատ է ուրախացրել:
«Ամեն ինչ կատարվեց օրինականության սահմաններում, չէի սպասում Վերաքննիչ դատարանից, բայց շատ լավ է: Որ այդպես աշխատեն շատ լավ կլինի», -փոխանցեց Չինարյանը:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ դատաքննությամբ պարզվել էր, որ Սպարտակ Ակոջյանը Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում գործով չպարզված անձից ձեռք է բերել ադրբեջանական` հակահայկական քարոզչական ձեռնարկ հանդիսացող` հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվություն պարունակող, «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով, 1991 թվականին ռուսերենով հրատարակված 10 հատ ֆոտոալբոմ, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին»:
2011թ. ապրիլի 21-ին ամբաստանյալ Ս. Ակոջյանը այդ ֆոտոալբոմներից 7 հատը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան և ապրիլի 23-ին փորձել է դրանք վաճառել Երևանի «Վերնիսաժ» կոչվող տոնավաճառի տարածքում` գրքավաճառների հատվածում, որի ընթացքում գրքավաճառների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ է արել «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող իր կողմից վաճառվող ֆոտոալբոմում արտացոլված «փաստերի» վերաբերյալ` դրանց բովանդակությունը բացատրելով իրեն մոտեցող ու ֆոտոալբոմով հետաքրքրվող անձանց:
Դատարանում Սպարտակ Ակոջյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չէր ճանաչել` պատճառաբանելով, որ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ չի կատարել, այլ ուղղակի ցանկացել է գիրք վաճառել:
Դատարանի որոշմամբ, Ակոջյանը ապրիլի 25-ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները հրապարակայնորեն կատարելը» և դատապարտվել 4 տարի ազատազրկման:
Փաստաբանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ իր պաշտպանյալի պատիժը «շատ խիստ է»: «Ակոջյանը այն չի արել, ինչ մեղադրանք առաջադրված է նրա նկատմամբ»,-panorama.am-ին ասել էր Չինարյանը:
«Արմյանսկի տեռորիզմ»-ը վաճառողի գործը Վերաքննիչում է. Պաշտպանը դեռ պայքարում է
Ադրբեջանական քարոզչության համար դատապարտված Ակոջյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները