«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ…». Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին ասել է մեկ այլ նկարիչ` Հակոբ Հակոբյանը:
1928 թվականի հենց այս օրը Ջաջուռում ծնվել է տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի Գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին:
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով:
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։ Այժմ աշխատանքներ են տարվում նրա որմնանկարների վերանորոգման ուղղությամբ, իսկ «Թորոս Ռոսլին», «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն արդեն վերանորոգվել են:
Մինաս Ավետիսյանը Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ–նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս», նաև` Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը, Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։ «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- ասել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
Մինասը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության` փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն: Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ժամանակին ասել է Մարտիրոս Սարյանը: