ԼՂՀ նախագահի ընտրությունների իմաստավորման շուրջ
ԼՂՀ նախագահի ընտրությունները բավականին մեծ արձագանք գտան հայաստանյան լրատվամիջոցներում, և դա միանգամայն արդարացված է և տրամաբանական: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ եղան նաև այնպիսի անդրադարձներ, որոնցում առանց սպասելու տեղական և միջազգային մարմինների գնահատականներին, որոշ շեշտադրումներ արվեցին:
Օրինակ, Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված անդրադարձում վերլուծում է ընտրությունները որպես հասարակության և միջազգային հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի և շոշափելի ցուցիչ, իսկ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության կողմից Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակի վրա դիտարկելը /որպես ոչ ազատ երկրներ/՝ հետևանք այն բանի, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում չի մասնակցել ընդդիմադիր ոչ մի թեկնածու: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նախ որևէ կերպ արդարացված չէ բոլոր երկրներին նույն սկզբունքներով մոտենալը, ինչը նկատելի է այդ կազմակերպության պարագայում և կարող է որակվել որպես մեթոդաբանական սխալ: Երկրորդ՝ ինչպե՞ս է որոշվում ընտրությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ ընդդիմադիր թեկնածուի առկայությա՞մբ, թե՞ ավելի շուտ ընտրական իրավունքի ազատ իրացման հնարավորությունն ապահովելով: Իր դիտարկման մեջ Վ.Օսկանյանը շրջանցել է այս երկրորդ կետը, մինչդեռ դրա նշանակությունը թերագնահատելը սխալ կլիներ:
Այնուհետև, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, Վ.Օսկանյանը նշում է, որ կարգավորման ներկա գործընթացը փակուղում է: Պետք է նկատել, որ նման ձևակերպում, որակում կամ գնահատական նախ գոյություն չունի միջազգային իրավական տերմինաբանական ապարատում, որն օգտագործվում է նմանատիպ հարցերի կարգավորման ընթացքում, և երկրորդ՝ փակուղային երևի թե այն գործընթացն է, որտեղ այլևս քննարկելու ոչինչ չկա, և կողմերը պարզապես չգիտեն ինչ անել: Մինչդեռ Ղարաբաղյան հարցի կարգավորումը, գոնե հայկական կողմի տեսակետից, փակուղային անվանելը՝ հանրաքվե անցկացնելու, ընտրություններ կազմակերպելու, տարածքը վերահսկողության տակ պահելու և այլ ձեռքբերումների պարագայում արդարացված չէ:
Նույնքան արդարացված չէ Հայաստանի և Արցախի ժողովրդավարացումը ուղղակիորեն ընտրությունների հետ կապելը, և առավել ևս՝ հարևան երկրների հետ համեմատվելը, քանի որ այս հարցում համեմատվելու միակ ճշմարիտ չափանիշը մենք ենք՝ անցյալում, այսինքն՝ նախորդ ընտրությունները: Այս իմաստով թե Հայաստանը, թե Արցախը շոշափելի զարգացում են գրանցել, որքան էլ այդ առաջընթացը անտեսանելի լինի միջազգային կառույցների ու ոմանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա