Քաղաքագետ. Ամեն ընտրություն քաղաքական քայլ է դեպի ճանաչում
«Ամեն ընտրություն քաղաքական քայլ է դեպի ճանաչում: Բայց դա չի նշանակում, որ ամեն ընտրություն մեխանիկական ձևով կարող են հանգեցնել Արցախի ճանաչմանը: Ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքական ջանքերը պետք է ընթանան ավելի ակտիվ ձևով»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` խոսելով նախօրեին կայացած ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին:
Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ պետք է հստակեցնել, որ ամեն անգամ ընտրություններն իրականացնելով բարձր մակարդակով, ԼՂՀ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր ունակությունը կառավարել իր ժողովրդին, պաշտպանել սահմանները, ընդունակ է միջազգային հարաբերությունների մեջ մտնելուն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 085 ձայն (66.70%), իսկ մյուս թեկնածուներ` Վիտալի Բալասանյանը ստացել է 22 966 ձայն (32,50%), Արկադի Սողոմոնյանը՝ 594 ձայն (0.80%): Ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդները բարձր են գնահատել ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները:
Ալեքսանդր Մանասյանը նաև ասաց, որ ժողովրդավարության գնահատման տարբեր վարկանիշներով Արցախն ավելի բարձր է կանգնած, քան Ադրբեջանը: «Արցախն առաջ է նույնիսկ շրջափակման պայմաններում, արձանագրում է տնտեսական, քաղաքական կյանքում հաջողություններ, որոնց կարող են նախանձել նաև եվրոպական երկրները»,- նշեց քաղաքագետը:
Լ. Ալավերդյանն անդրադառնալով մի շարք երկրների ու միջազգային կառույցների հայտարարություններին, թե չեն ճանաչում Արցախի ընտրություններն, ասաց. «Անկախ նրանից, ճանաչում են, թե չեն ճանաչում, Արցախը կայացած է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ճանաչումը քաղաքական գործընթաց է, իսկ կայացումն ու զարգացումը` իրավական»:
Բանախոսները շնորհավորեցին նաև Արցախի, Հայաստանի բնակիչներին, իսկ Ա. Մանասյանն էլ նշեց, որ լավ կլինի, որ թեկնածուների միջև մրցակցություն չլինի մինչև հաջորդ ընտրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները