Լևոն Տեր-Պետրոսյանը կսատարի՞ Գագիկ Ծառուկյանին
Անդրադառնալով հայ քաղաքական իրականության մեջ օլիգարխների առկայությանն ու ակտիվ գործունեությանը` «Голос Армении»-ն նկատում է, որ Հայ Ազգային Կոնգրեսն այնքան ինքնամոռաց փորձում է համագործակցության եզրեր գտնել Գագիկ Ծառուկյանի հետ, որ իր մամուլի քարտուղարի միջոցով անգամ հայտարարել է, թե Ծառուկյանն օլիգարխ չէ, քանի որ ոչ մի իշխանական լծակ չունի: «Փաստորեն Անվտանգության խորհրդին անդամակցությունը և օլիմպիական Կոմիտեի ղեկավարի պաշտոնը իշխանական լծակներ չե՞ն: Ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը տարբերվում Ռուբեն Հայրապետյանից»,-հարցնում է թերթը` նշելով, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանին հարկավոր լինի` Կոնգրեսն ինչ ասես կասի, անգամ, որ Գագիկ Ծառուկյանը թատրոնի մեներգիչ է: Ծառուկյանի հետ համագործակցելու Կոնգրեսի ջանքերից ելնելով` «ГА»-ն ենթադրում է, որ գալիք նախագահական ընտրություններին գուցե ՀԱԿ-ը սատարի Գ. Ծառուկյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ ՀԱԿ-ի ներսում կան գործիչներ` Նիկոլ Փաշինյան, Ստեփան Դեմիրճյան, որոնք դժվար թե հանդուրժեն համագործակցությունը Օլիգարխիկ կուսակցության հետ: Անդրադառնալով նույն այս հարցի շուրջ անհամաձայնությունների հողի վրա ՀԱԿ-ը լքած Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը` թերթը նշում է, որ ըստ Շահնազարյանի` ԲՀԿ-ն կարող է լուրջ ապակայունացնող դեր տանել, քանի որ վերջինս քարոզում է Հայաստանի ինտեգրումը Եվրասիական միություն, իսկ ՀՀԿ-ն որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները