Վենցզյուն. «Հայաստանում մարդիկ անչափ բարի են»
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» առաջատար Ցզյու Վենցզյունը մրցաշարի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում մարդիկ շատ բարի են, նաև շեշտել է, որ մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է անկեղծությունը:
- Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանից: Արդյոք Ձեզ դո՞ւր է գալիս Ջերմուկը:
- Առաջին անգամ եմ Ջերմուկում: Քաղաքը շատ գեղեցիկ է, մարդիկ անչափ բարի են: Ինձ համար մեծ պատիվ է, որ խաղում եմ այստեղ: Իսկապես, շատ է դուր եկել քաղաքը:
- Դուք միշտ մասնակցում եք «Գրան պրիի» մրցաշարերին: Ըստ փորձագետների` բավական հաջող եք հանդես եկել Նալչիկում: Ո՞ր «Գրան պրի» մրցաշարից եք առավել տպավորված:
- Յուրաքանչյուր «Գրան պրի» բարձր մակարդակի միջոցառում է: Կազմակերպիչները բարեհամբույր են: Պետք է ասեմ, որ Ջերմուկը խորը տպավորություն է թողել ինձ վրա: Շախմատը սիրված խաղ է այստեղ:
- Դուք լա՞վ եք պատրաստվել այս մրցաշարին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Շատ լուրջ եմ պատրաստվել: Յուրաքանչյուր խաղ կարևոր է ինձ համար: Ինչ վերաբերվում է ինձ, ցանկացած արդյունք ընդունելի է, քանի որ ես ամեն ինչ արել եմ:
- «Գրան պրի» մրցաշարերի մասնակիցները բավական ուժեղ են: Ի՞նչ կարող եք ասել այս փուլի մասնակիցների մասին: Դուք կարծում եք` նրանք ֆավորիտնե՞ր են:
- Այս մրցաշարի մասնակիցները բավական ուժեղ են մասնագիտական տարբեր գծերով: Կարծում եմ՝ բոլորն էլ ուժեղ են յուրովի և ունեն մեծ փորձ: Կարող եմ շատ բան սովորել նրանցից:
- Ո՞ր բնավորության գծերն եք կարևորում մարդու մեջ: Ինչպիսի՞ն է աշխարհի չեմպիոնը:
- Ամենից շատ մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը: Աշխարհի չեմպիոնը մեծ տաղանդի տեր շախմատիստ է և հրաշալի պարտիաներ է անցկացնում: Դա նպաստում է, որ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում շախմատով: