Ս. Շաքարյանց. Վ. Բալասանյանը փայլուն կատարեց իր առաքելությունը
«Մենք տեսանք, որ Արցախը, չնայած իր փոքր չափսերին, բավական մեծ է անակնկալներով: Եվ այդ անակնկալներից մեկն այն էր, որ այս ընտրություններում մենք տեսանք նոր քաղաքական դեմքի, գործչի ծնունդը: Մենք գիտեինք, որ Վիտալի Բալասանյանը մարտական գեներալ էր, գիտեինք, որ նա պատգամավոր էր, բայց չէինք սպասում, որ նա կարող էր լինել նախագահի թեկնածու, որ փայլուն կատարեց իր առաքելությունը»,- անդրադառնալով ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններին այսօր հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Բանախոսի կարծիքով` Վ. Բալասանյանն իր մեծ ներդրումն է կատարել «Արցախի անկախության հաստատման և ճանաչման գործում»:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս ընտրություններով արցախահայությունն ապացուցել է, որ «թեկուզ պատերազմական պայմաններում` կարող է կազմակերպել ճիշտ ընտրություններ և մտածել հեռավոր ապագայի մասին»:
Ս. Շաքարյանցը նաև կարծիք հայտնեց, որ ԼՂ-ում կայացած ընտրությունները չեն հեշտացնելու ԼՂՀ ճանաչման գործընթացը:
«ԵՄ-ն նաև հետ է կանգնել Քեթրին Էշթոնի անցյալ տարի տված խոստումից, որ ուղիղ կապեր են հաստատելու Արցախի հետ: Դա նշանակում է, որ խաղը դեռ չի ավարտվել»,- հավելեց քաղաքագետը: