Ժամկետային զինծառայող է մահացել
Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարածեց տեղեկատվություն, ըստ որի, հուլիսի 18-ի երեկոյան ժամկետային զինածառայող է մահացել:
«Այսօր՝ հուլիսի 21-ին, Վանաձորում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:
Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անց էր կացնում Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:
Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով եւ նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվեց վերջին պատվո հարգանքը:
Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:
Դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:
Հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին»,-ասված է գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ:
Panorama.am-ի հետ զրույցում ՊԲ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց զինվորի մահվան մասին տեղեկությունները:
«Հուլիսի 18-ին` ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամսի ժամկետային զինծառայող Աշոտ Արսենի Սարդարյանը: Պատճառը` ստամոքսի քաղցկեղ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-փոխանցեց Մ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե «հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին», ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Դժբախտությունների հիման վրա սենսացիաներ սարքել ու դրանով հեղինակություն հավաքելը, չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է»: