Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողները
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մրցույթի արդյունքները հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Մրցանակը 500,000 ԱՄՆ դոլար է, որը կբաժանվի երկու դափնեկիրների միջև: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանքներ: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար»: Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպան և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան