Քահանա. ՀՀ-ում բնակվող աղանդավորների պաշտոնական թիվը «մի քիչ ճոխացված է»
«Աղանդավորական կազմակերպությունները գրավում են մարդկանց պրիմիտիվ, պարզ քարոզներով, հեշտ հոգևոր կյանքով ապրելու գայթակղությամբ: Մարդ գնում է աղանդավորական որևէ կազմակերպություն ու նրան ասում են` ոնց ուզում ես ապրիր, դու փրկված ես, միայն արի ու մեզ հետ աղոթիր»,- ասուլիսում այս մասին ասաց Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, այնուհետև նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին ասում է` «ոչ` չես կարող այնպես ապրել, ինչպես ուզում ես ու հոգու փրկություն ստանալ»:
Հոգևորականի խոսքով, աղանդավորական են համարվում այն բոլոր կազմակերպությունները, որոնք շեղված են ավետարանի ճիշտ վարդապետությունից, բայց դրանց չպետք է խառնել կաթոլիկներին ու ուղղափառներին, նրանք աղանդ չեն: Թեև պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում հաշվառվում է 350-360 հազար աղանդավորական, սակայն, ըստ քահանայի, այդ թիվը «մի քիչ ճոխացված է», քանի որ այդ թվի մեջ մտնում են ոչ առաքելական դավանանք ունեցող մարդիկ. 190 հազար կաթոլիկ, 40 հազար եզդի, 4000 ասորի, նաև հրեաներ, ուղղափառներ, ու ստացվում է, որ Հայաստանում քայքայիչ աղանդավորական կազմակերպություններին հարում է 100 հազար մարդ:
Տեր Եսայի խոսքով, Առաքելական եկեղեցին աղանդավորների դեմ պայքարում է ամենօրյա հետևողական աշխատանքով: «Աղանդավորների դեմ պայքարի մեր հիմնական ծրագիրը քարոզն է` մատչելի, պարզ, շատ: Այժմ շաբաթվա ցանակացած օր, եթե մարդ ցանկանում է քարոզ լսել, կարող է գալ եկեղեցի»,- ասաց նա, ապա շարունակեց, որ, իհարկե, այդքանը բավարար չէ, մեծ բաց կա նաև օրենքում: