«Եթե մի բան ըլնի, իսկ արնահեղությունը անխուսափելի ա, մեղքը մենակ ոստիկաններինն ա»
«Եթե մի բան ըլնի, իսկ արնահեղությունը անխուսափելի ա, մեղքը մենակ ոստիկաններիննա, որ ոչ մի բան չեն անում ու դաժե կողքից էլ չեն հետևում Լեննագանում ինչ ա կատարվում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Գյումրի-Երևան երթուղում աշխատող գյումրեցի տաքսու վարորդներից մեկը, ով հասկանալի պատճառներով համաձայնեց որոշակի տեղեկատվություն տալ քաղաքի ներսից միայն այն պայմանով, որ իր տվյալները կմնան գաղտնի:
Նրա խոսքով, Գյումրին վախի մթնոլորտում է արդեն վաղուց, այսինքն՝ այնպես չէ, որ այդ իրավիճակը սրվեց միայն նրանից հետո, ինչ Գյումրու քաղաքապետին ստիպեցին հրաժարական տալ մարզային կառույցից ու ՀՀԿ-ն այդպիսով ապացուցեց այն խոսակցությունների իսկությունը, որ Վարդան Ղուկասյանից Հանրապետականը և մասնավորապես կուսակցության առաջնորդը դժգոհ են: Մեր զրուցակիցը պնդեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Գյումրիում արդեն իսկ պարզ էր` Ղուկասյանի գլխին սև ամպեր են կուտակվել, իսկ նրա շրջապատից էլ անընդհատ արտահոսք էր լինում, թե Ղուկասյանը դժգոհ է ոչ թե նրանից, որ ՀՀԿ-ն է իրենից դժգոհ` ելնելով խորհրդարանական ընտրություններում հայրենի կուսակցության օգտին բերած ձայների քանակից, այլ որովհետև այդ իրավիճակը հղի է ավելի լուրջ հետևանքներով: Այն է` առջևում սպասվող քաղաքապետի ընտրություններում դժվար հնարավոր լինի իր առաջադրումը ՀՀԿ-ի սատարման հեռանկարով: Եվ հիմա, երբ այդ ամենը, փաստորեն, իրականություն դարձավ, Վ.Ղուկասյանին լավ ճանաչող գյումրեցիները ուղղակի սարսափած են.
«Լեննագանը իսկականից ոնց որ միջնադարյան քաղաք լինի, էն որ իրենց իշխանիկը տրամադրություն չունի կամ էլ ջղայնացած ա, ուրեմն՝ մի վատ բան լինելու ա… սաղ քաղաքը վախենում ա, որ գնալով ավելի ա սրվելու ու հաստատ էս ամեն ինչից լավ հոտ չի գալիս: Մարդիկ էնքան վախեցած են, որ քաղաքում ամենուրեք քաղաքապետն ու, մանավանդ, իր ա տղեն «ականջներ» ունեն, որ երկու օր ա Երևան մարդ եմ տեղափոխում` սաղ ճամփեն սուս են մնում: Ոչ ոք ոչ մեկի չի հավատում, է ո՞նց հավատան, որ լավ գիտեն` էն որ վախացնում ա հենց-նենց չի... հաստատ անող ա»,- պատմեց նա:
Վախեցնողի ու իր խոսքերը կյանքի կոչողի տակ վարորդը նկատի ուներ Վ.Ղուկասյանի որդուն` Սպարտակին, ով վերջին օրերին, նրա պնդմամբ ևս, իր X5 ավտոմեքենայի ղեկից գրեթե չի իջնում ու մեկ Գյումրու այս, մեկ էլ այլ թաղամասում է հայտնվում ու փորձում իր հոր կողմը հավաքագրել մարդկանց` պնդելով, որ «մեկ ա հերս ա դնելու ու լինելու էս քաղաքի տերը, ոչ ոք չի կարա ստեղ կամանդըվատ անի»: Դե իսկ այն բանից հետո, ինչ լուրերը հասան նաև Գյումրի, որ Սամվել Բալասանյանը արդեն իսկ հստակ քաղաքապետի թեկնածու է, այդ մթնոլորտը դարձավ ուղղակի անկառավարելի.
«Բանը հասել ա նրան, որ մարդիկ վախենում են «Գյումրի» պիվեն առնեն, դե մտածում են… եսիմ էլի… Սպարտակից ամեն ինչ էլ սպասելի ա, դրա համար եմ ասում` ո՞ւր ա ոստիկանությունը, խի՞ են տենց անտեսում, թե ինչ ա քաղաքում կատարվում: Մաֆիա-մաֆիա հա էլ Լեննագանում խաղացել են, դրան սովոր ենք, բայց դե մի օր դրա վերջը պտի դնեն թե չէ…Նենց չի, որ մենք ուզում ենք Բալասանյանին, բայց ավելի լավ ա ինքը լինի, քան թե էս մեկը…հոգնել ենք արդեն, հերիք ա»,- պատմեց նա ու ավելացրեց, որ լավագույն տարբերակը կարող էր լինել այն, որ ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ Սամվել Բալասանյանը արդյունքում չպայքարեին ընտրություններում` դրանով իսկ քաղաքը ցնցումներից զերծ կմնար: Բայց այս դեպքում, երբ երկուսի մեջ է լինելու ընտրությունը (իսկ ինքը վստահություն հայտնեց, որ ուրիշ մեկը չի էլ համարձակվի, անգամ մեծ ցանկության դեպքում, մասնակցել ընտրապայքարին) թող գոնե Բալասանյանը ընտրվի` «դրա անունը տենց պղտորած չի»:
Ի դեպ, նա ևս նշեց, որ առավոտից թիվ մեկ քննարկման թեման քաղաքում այն է, որ Սպարտակը հոր թիկնապահների հետ միասին փորձել է գրոհել Ս.Բալասանյանի տունը` գալով դրա տարածք ու հայհոյախառն արտահայտություններ իրեն թույլ տալով, բայց հեռացել դատարկաձեռն` «կամ տանտերը տանը չէր, կամ էլ չիդեմ… ամեն դեպքում , որ տանը լիներ լավ բանով չէր պրծնի էս պատմությունը»:
Նա նաև վստահություն հայտնեց, որ, եթե որևէ լուրջ փոփոխություն այս իրավիճակում չլինի, «վերևները» չմիջամտեն, ապա նույնիսկ անհնար է պատկերացնել, թե ինչ է կատարվելու Գյումրիում, երբ սկսվի նախընտրական քարոզարշավը.
«Դե մի հատ պատկերացրու` ո՞ւմ կանգնի լսի լեննագանցին, որ հաստատ իմանա դրանից հետո տուն կհասնի…դժվարը ա է» :
Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ս.Բալասանյանի հետ ճշտելու, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այդ գրոհման մասին լուրերը, սակայն քաղաքապետի թեկնածուն հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ ավելի ուշ պարզապես անջատեց հեռախոսը: Չհաջողեցինք նաև թեկնածուի մամլո խոսնակի հետ…
Հիշեցնենք, որ նախօրեին Panorama.am-ը մի խումբ գյումրեցիներից օգնության կանչով բաց նամակ էր ստացել, որում նրանք մասնավորապես խնդրում էին քաղաք զորք մտցնել` «պաշտպանելու մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»:
Հիշեցնենք նաև, որ Գյումրիում իրադարձությունների թեժացման և Վ.Ղուկասյանի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու ուղիղ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին և ելույթի ժամանակ, մասնավորապես, այսպիսի բան ասաց` իրեն առանձնահատուկ շեշտադրումով.
«Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են»:
Նախորդիվ`
Գյումրեցիները խնդրում են զորք մտցնել իրենց քաղաք. Որտե՞ղ է նրանց ընտրած պատգամավորը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա