«Դաբրոն» տալիս է հասարակությունը, ժողովուրդը. Գյումրու քաղաքապետի թեկնածու
Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը տանը չի եղել, երբ, ըստ որոշ լուրերի, Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը Բալասանյանի տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել և բարձրաձայն հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել` ասելով` «չեք վայելելու»:
«Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնան նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունը առաջադրելու», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սամվել Բալասանյանը:
Հարցին, թե նախքան իր թեկնածությունը առաջադրելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը ինքը ի վերջո հանդիպե՞լ է նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, Բալասանյանը պատասխանեց.
«Մեր հանդիպումը աշխատանքային է եղել, գյուղատնտեսության զարգացման հետ կապված օրենքի նախագիծ ունենք, այդ հարցն ենք քննարկել: Քանի որ ես ընտրվել եմ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից, հարցեր եղան, թե ինչ վիճակում է հիմա Գյումրին, ասացի, որ նաև նախագիծ ունեմ Գյումրիի վերականգման մասին օրենքում փոփոխություններ կատարելու, որով փորձում ենք որոշ արտոնություններ տալ ներդրումները խթանելու համար: Ուղղակի, քանի որ այս խոսակցությունը կար, իրար հետ համընկավ, և բոլոր լրատվամիջոցները մտածեցին, թե «դաբրոյի» խնդիր կա: Չէ՞ որ էդ պահին ԲՀԿ-ն դեռ չէր հայտարարել իմ թեկնածության մասին»:
«Դաբրոն տրվում է այն տարածքում, այն համայնքում, որտեղ դրվում է թեկնածություն, որտեղ կա մրցակցություն: Դաբրոն տալիս է հասարակությունը, ժողովուրդը: Էդ ժողովրդի մեջ մտած էդ խոսակցությունը, էդ «դաբրո» գաղափարը ես չեմ ընդունում, իսկ ինչ մնում է նախագահի հետ հանդիպումներին, դրանք պատահական չեն, միշտ աշխատանքային հանդիպումներ ունեցել եմ», - մանրամասնել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց քաղաքապետի պաշտոնը գերադասել պատգամավորի մանդատից, Բալասանյանը պատասխանեց. - «Հասկանալով գնում եմ էս քայլին: Սա երևի իմ խաչն է, ես պետք է տանեմ առաջ: Ես էսպես հասկացա, որովհետև ոչ թե 1-2 հոգի, այլ մասսայական մոտեցել են ինձ, մտավորականներ, սովորական մարդիկ, թե մեզ համար աշխատատեղ ստեղծի: Իհարկե, միանգամից հնարավոր չէ էդ ամեն ինչը անել, բայց ծրագրերով, օրենքներով, հասարակության, պետության, կառավարության, նախագահի օգնությամբ, պարոն Ծառուկյանի բարեգործություններով ինչ-որ տեղ փորձենք ինչ-որ բան անել, փորձենք փոխել: Սա է պատճառը, որ մտել եմ էս ծանր լծի տակ»: