Տ.Աբրահամյան. Յուրաքանչյուր ժողովրդավարական ընտրություն ավելի ու ավելի է մոտեցնում Արցախի ճանաչման գործընթացը
«Յուրաքանչյուր ժողովրդավարական ընտրություն ավելի ու ավելի է մոտեցնում Արցախի ճանաչման գործընթացը: Այդ պարզ իրողությունը գիտակցում է նաև պաշտոնական Բաքուն ու դա է պատճառը, որ դիտորդական առաքելությունների և արտասահմանցի լրագրողների՝ Արցախի ընտրությունների նկատմամբ ցուցաբերած ակտիվացմանը զուգահեռ, Ադրբեջանն առավել անհանգիստ ու ագրեսիվ է դառնում»,- հարցին, թե ի՞նչ կապ եք տեսնում Արցախում պարբերաբար անցկացվող ընտրությունների և ԼՂ հարցի բանակցային պրոցեսի միջև, ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում կայացած ընտրություններին պաշտոնապես մասնակցում էին 18 երկրների 8 տասնյակի հասնող դիտորդներ, փորձագետը նշեց, որ բուն քվեարկության օրն ու դրան նախորդող օրերին Արցախում կարելի էր մեծ թվով արտասահմանցիներ հանդիպել. լրագրողներ, փորձագետներ, տարբեր տրամաչափի նախկին պաշտոնյաններ:
«Մի բան ակնհայտ է. Արցախում անցկացվող ընտրությունների ու առհասարակ Արցախի նկատմամբ ուշադրությունն անընդհատ աճում է, ինչն անշուշտ շատ դրական է»,- հավելեց փորձագետը:
Տ.Աբրահամյանը, ով ի դեպ, ընտրությունների ընթացքին հենց Արցախում է հետևել, անդրադառնալով ԼՂՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, նշեց, թե հատկապես տպավորիչ էր այն փաստը, որ ընտրացուցակների անճշտությունների հետ կապված որևէ խնդիր պաշտոնապես չի գրանցվել, իսկ ընտրությունների կազմակերպման մակարդակը բավականին բարձր էր:
«Անձամբ զրույցներ եմ ունեցել արտասահմանցի տարբեր դիտորդների հետ, ովքեր ևս տպավորված էին ընտրական գործընթացների կազմակերպման բարձր մակարդակով և անընդհատ շեշտում էին, որ Արցախում եվրոպական չափանիշներին համահունչ ընտրություններ են անցկացվում»,- նշեց. Տ. Աբրահամյանը:
Անդրադառնալով ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների առնչությամբ պաշտոնական Անկարայի կողմից հնչեցրած ադրբեջանամետ հայտարարություններին` փորձագետը նշեց, որ Թուրքիան մշտապես փորձում է «խցկվել» այս կամ այն խնդրում, սակայն դրանք ուղղակի «հայտարարություններ են հայտարարության համար»: