Արմեն Մխիթարյան. Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել
«Սպառազինության մրցավազքի առումով իրավիճակը տարածաշրջանում գնալով առավել անվերահսկելի է դառնում, Ադրբեջանը միջազգային իրավունքի բոլոր հնարավոր խախտումներն անձանագրել է, այդ իմաստով ռեկորդակիր է: ՄԱԿ-ն իր համապատասխան զեկույցից անմիջապես հետո պետք է Ադրբեջանի հարցը մտցներ Անվտանգության խորհրդի նիստ ու նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեր»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք ՄԱԿ-ի Սովորական սպառազինության վերահսկման մասին զեկույցը և ըստ Ձեզ ի՞նչ պիտի հետևի այդ զեկույցին, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նշենք, որ հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ներկայացված է Հարավային Կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը:
Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ֆունդամենտալ դերն ու կարևորությունը հատկապես մեծացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը:
Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում և 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում:
Ա.Մխիթարյանի խոսքերով, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառում Իրանի կամ Սիրիայի նկատմամբ, ապա ինչո՞ւ է խտրականություն դնում Ադրբեջանի հարցում:
«Չէ՞ որ այդ երկիրը ոչ միայն խախտում է «Սովորական սպառազինությունների մասին» պայմանագիրը, այլ բացահայտ պատերազմի սպառալիքներ է հնչեցնում: Ադրբեջանն իր քայլերով տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն սպառազինություն է ձեռք բերում, այլ իր ժողովրդին պատերազմի է պատրաստում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները