Հանգուցյալ` «Սիվիլիթասի» հոգաբարձուների խորհրդի կազմում
«Հրապարակի» թղթակիցը «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում մի ուշագրավ փաստ է հայտնաբերել. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամների կազմում նկատել է անձի անուն, ով վաղուց արդեն հանգուցյալ է: Խոսքը Ջիվան Թաբիբյանի մասին է:
«Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամների կազմում կան Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացիների, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի, Սերժ Թանկյանի, Ստոմ Էգոյանի անունները: Հիշեցնենք, որ Ջիվան Թաբիբյանը ԵԱՀԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչն էր, ով մահացել է դեռ 2009-ին: Առաջին անգամ ցանկն աչքի անցկացնելուց բավականին զարմացանք և փորձեցինք գոնե այս մասին մեկնաբանություններ ստանալ, սակայն տիկինը (նկատի ունի հիմնադրամի նախագահ Սալբի Ղազարյանին-կազմ.) անդրդվելի էր` անգամ տեղեկանալով, որ խոսքը հոգաբարձուների կազմի մասին է: Կամ էլ Ղազարյանը, կռահելով հարցը, հույսը դրել էր իրենց մտածած հնարամտության վրա: Բանն այն է, որ այստեղ զավեշտալի լուծում են գտել հանգուցյալին մատնանշելու համար, երկրորդ անգամ ընթերցելուց միայն այդ ցանկում նկատեցինք, որ Ջիվան Թաբիբյանի անուն-ազգանվան դիմաց փոքրիկ խաչ է դրված: Մինչդեռ պարզ է, որ հոգաբարձուների խորհուրդը ոչ թե պատվո տախտակ է, այլ կոնկրետ հարցեր քննարկող և հիմնադրամի գործունեության ուղղությունները որոշող գործուն մարմին»,-գրել է թերթը: