Ռազմական փորձագետ. ՄԱԿ-ի զեկույցը ցույց տվեց` միջազգային հանրությունը աչք չի փակի
«Այդ զեկույցով միջազգային հանրությունը ցույց տվեց, որ այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության վրա»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք ՄԱԿ-ի Սովորական սպառազինության վերահսկման մասին զեկույցը և ըստ Ձեզ ի՞նչ պիտի հետևի այդ զեկույցին, ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նշենք, որ հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ներկայացված է Հարավային կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը:
Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ֆունդամենտալ դերն ու կարևորությունը հատկապես մեծացել է Հարավային կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը:
Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում և 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում:
Ըստ փորձագետի, եթե միջազգային հանրությունը նման հասցեական քննադատության չգնար, ապա նրա գործունեությունն անիմաստ կդառնար:
Նրա խոսքերով, միջազգային հանրությունն այս զեկույցով չպիտի սահմանափակվի, այլապես նրա արած ողջ գործը ջուրը կընկնի:
«Այնպես չէ, որ մենք պետք է այդ զեկույցով ուրախանանք ու թուլացնենք մեր զգոնությունը, դա միայն ընդհանուր գործի մի մասն է, պետք է հետևողական լինել, որպեսզի միջազգային հանրությունն իր ուշադրության տակ պահի Ադրբեջանին ու համապատասխան քայլեր ձեռնարկի նրա նկատմամբ»,- հավելեց Հ. Պետրոսյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան