«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Լոնդոն` մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Լոնդոն` այլ հրավիրված նախագահների հետ մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Որից հետո կմեկնի կարճատև հանգստի` սկզբում Եվրոպա, ապա կվերադառնա Հայաստան` Սևանում հանգիստը շարունակելու: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Նախագահական այս տուրնեի քաղաքական-այլընտրանքային հմայքը, սակայն, այն է, որ եթե առաջ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոցում» ճանապարհում-դիմավորում էր նրան, ապա հիմա նրա հետ թռչելու է նախագահական ինքնաթիռով դեպ Լոնդոն` որպես ՀԱՕԿ նախագահ մասնակցելու օլիմպիական խաղերին: Ի դեպ, այս օրերին Հայաստանի օլիմպիական թիմին Լոնդոն հանդիսավոր ճանապարհելու արարողություն տեղի չունեցավ, որովհետև մեր օլիմպիականները եվրոպական երկրներում ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում և այնտեղից են մեկնելու օլիմպիական մայրաքաղաք»: