Թուրքիայի ընդդիմության առաջնորդ. Էրդողանը նախագահ չի դառնա
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթին: Լրագրողի այն հարցին, թե ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կդառնա երկրի նախագահ, Քըլըչդարօղլուն պատասխանել է.
«Ես չեմ հավատում, որ Թայիփ Էրդողանը կդառնա երկրի նախագահ: Եթե ավելի անկեղծ, ապա ասեմ, որ հասարակության բոլոր շերտերին իր հովանու ներքո առնող, ոչ մեկին չօտարող, սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է դառնալ հանրապետության նախագահ: Էրդողանն ինքն իրեն պատրանքային ուրախության մեջ է գցել, ասելով թե նախագահ է դառնալու: Անգամ դրանով է նա ցույց տալիս իր անհարգալից վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ»:
Ընդդիմադիր առաջնորդը նաև նշել է, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին:
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվում էին 7-ամյա պարբերականությամբ: 2007-ին ընտրված ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնավարելու է մինչև 2014թ., որից հետո, սակայն, ըստ սահմանադրական բարեփոխումների, այդ երկրում նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով և երկու անգամ ընտրվելու իրավունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում