ԲՀԿ-ն ունի՞, թե չունի՞ Արթիկի քաղաքապետի թեկնածու
Արթիկը ևս պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, ընդ որում քաղաքում տարածված լուրերի համաձայն` դրանք այստեղ ևս ոչ պակաս լարված են լինելու, քանի որ իրենց թեկնածուներին են առաջադրելու թե' ՀՀԿ-ն, թե' ԲՀԿ-ն: Այսօրվա դրությամբ, փոխանցում է Panorama.am-ի աղբյուրը Արթիկից, շրջանառվող թեկնածուների թվում են Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբյարն է, և հետևաբար սպասելի է, որ հենց նրան էլ կսատարի Հանրապետականը սեպտեմբերին կայանալիք ընտրություններում, և Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը: Վերջինիս, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և հենց այս հանգամանքն է, որ ինտրիգ է խոստանում առաջիկա ընտրություններում:
Խնդիրը նրանում է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված Մխիթար Վարագյանը պարտվեց Արթիկը ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին: Ի դեպ, վերջինիս անունն էլ շրջանառվում է իբրև քաղաքապետացուի, սակայն հենց պատգամավորի շրջապատից մեզ փոխանցեցին, որ դա հնարավոր չէ և Մ.Պետոյանը չի պատրաստվում առաջադրվել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ պաշտոնական դիրքորոշմանը, ապա կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով Հայաստանում չէր և վայելում էր իր արձակուրդի վերջին օրը, այդպես էլ հստակ պատասխան չտվեց.
«Ցանկացած տեղ, որտեղ մենք կառաջադրենք ու կսատարենք որևէ թեկնածուի, հանրությունն ու լրատվամիջոցներն այդ մասին անմիջապես կտեղեկանան: Երբ որ որոշումը ենթակա կլինի հրապարակման և որ տեղի հետ կապված կլինի որոշում, այսինքն երբ նպատակահարմար կգտնենք հրապարակել այն, այդպես էլ կլինի: Կուսակցությունը տրամաբանական ժամկետների մեջ միշտ տեղեկացրել է»,- հեռախոսազրույցում մեզ փոխանցեց Տ.Ուրիխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները