«Ժողովուրդ». Դավիթ Շահնազարյանը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից
ՀՀ Սահմանադրության օրը` հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Հիշեցնում է «Ժողովուրդը»:
Հայտարարությանը, բնականաբար, հետևեցին ՀԱԿ-ի պարզաբանումները, թե նրա դուրս գալը Կոնգրեսից ցավալի է, բայց մեծ կորուստ չէ: Այնուհետև քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Դ. Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՄՆ ու հնարավոր է` այլևս չվերադառնա:
ԱՄՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է Դ. Շահնազարյանին: «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմ»,-ասել է Շահնազարյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: