Կվերադառնա՞ Վանոն Հայաստան. Սիրունյանը բացահայտում է արել
Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան այն ժամանակ, երբ երկրում հնարավորություն լինի անցկացնել արդար և թափանցիկ դատավարություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:
Նրա կարծիքով, Վանո Սիրադեղյանը զերծ չի մնա կանգնել դատարանի առջև, քանի որ պատրաստ կլինի բացահայտել շատ երևույթներ, որոնք կապված են իր և ոչ միայն իր անձի հետ: Ըստ բանախոսի, Հայաստանի այսօրվա ներքաղաքական մթնոլորտը արմատապես տարբերվում է այն ժամանակվա մթնոլորտից, երբ Վանո Սիրադեղյանը «անհետացել էր», արդարադատության համակարգը «այնքան էլ թափանցիկ ու արդար չէ»:
Թիկնազորի նախկին պետը ասաց, որ Վանո Սիրադեղյանի հետ վերջին անգամ շփվել է 2000-ի ապրիլի 3-ին: «Այդ օրը ՀՀՇ վարչությունից դուրս գալուց հետո, մենք երկու մեքենայով ուղևորվեցինք դեպի Մյասնիկյանի պողոտայում գտնվող Սիրադեղյանի տունը: Վանո Սիրադեղյանն իր անձնական մեքենայով էր: Հասնելով տուն, Վանո Սիրադեղյանը դուրս եկավ և ինձ հանձնարարեց, որ թիկնազորին ուղարկեմ տուն: Այն ժամանակ պարզ էր, որ Վանո Սիրադեղյանի բնակարանը վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից:
Դրանից հետո ես Վանո Սիրադեղյանին ճանապարհեցի X կետ, որից հետո նրանից որևէ տեղեկություն չեմ ունեցել: Սիրադեղյանը մեքենայում թողել էր իր գլխարկը, ինչը առիթ էր հանդիսացել, որ ես հինգ օր լինեմ ոստիկանությունում: Իմ վրա փորձարկեցին «Հոկտեմբերի 27-ի» գործով հատուկ Հայաստան բերված ստի դետեկտորը: Ես տվեցի ցուցմունքներ, և այդ սարքը հաստատեց, որ ես ճիշտ եմ ասել, թեև բնական է, որ միտումնավոր սխալ տեղեկություն եմ տվել», -ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Սիրունյանը:
Հարցին, թե չի՞ վախենում նման պատասխանատու հայտարարություն անելուց, Սիրունյանը պատասխանեց. «Ոչ, անցել է 12 տարի, և այն ժամանակ այդպես էր պետք»:
Լրագրողների խնդրանքով նա նաև բացահայտեց X կետը, որտեղ հասցրել էր Վանո Սիրադեղյանին. «Սունդուկյան թատրոնի դիմացը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում