Սուրեն Սիրունյանը Արամ Աանուկյանի և Վանո Սիրադեղյանի զրույցից մանրամասներ է հրապարակել
ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շնորհակալ է Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան հնարավոր վերադարձի հարցի շուրջ հասարակական նախաձեռնություններից, մասնավորապես` «Ելք» շարժումից, բայց որևէ նման կառույցին անդամագրվել չի ցանկանում, քանի որ «իր ընկերների հետ 12 տարի է, ինչ պայքարում է նրա վերադարձի համար»:
Բանախոսը նաև անդրադարձավ Սիրադեղյանի վերադարձի շուրջ ՀՀՇ վարչության վերաբերմունքին, թեև նախապես հայտարարեց, թե այս քաղաքական ուժի հետ կապված ոչինչ չի ցանկանում քննարկել: Այնուամենայնիվ, նա նշեց, որ համաձայն չէ, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և վարչության այլ անդամներ «սրտանց ցանկանում են» իրենց կուսակցական ընկերոջ վերադարձը:
«Չեմ կարծում, որ Արամ Մանուկյանը շատ է ցանկանում Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն, քանի որ մեկ ամսից ավել է, որ այս շարժումը ձևավորվել է, և կոնկրետ ՀՀՇ վարչությունը, ոչ միայն ` Արամ Մանուկյանը, այլ վարչության այլ անդամներ տեսակետ չեն հայտնել: Իսկ Վանո Սիրադեղյանը նաև վարչության անդամ է», -ասաց նա, ապա հավելեց, որ կոնկրետ Արամ Մանուկյանի հետ կապված կարող է «հետաքրքիր պատմություն պատմել»:
«Երբ որ ՀՀ գլխավոր դատախազը պետք է Ազգային ժողովում միջնորդեր, որ ձերբակալեին Սիրադեղյանին, Արամ Մանուկյանը, ով այն ժամանակ, եթե չեմ սխալվում, մշակույթի փոխնախարարն էր, անձամբ, ես ներկա եմ եղել, խնդրել է Վանո Սիրադեղյանին, որպեսզի կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի միջնորդությանը, քանի որ ինքն այսօր աշխատում է որպես փոխնախարար և կարող են իրեն աշխատանքից ազատել: Եվ ոչ միայն Արամ Մանուկյանը: Եթե մարդիկ փորձեն պատասխանել իմ այս ասածին, հերքեն, ապա կարող եմ թվարկել ևս մի քանի հոգու անուններ», - ասաց Ս.Սիրունյանը:
Բանախոսը հրաժարվեց ասուլիսին որևէ անուն հնչեցնել, շեշտելով, որ կհրապարակի, երբ որ հերքեն: Լրագրողների հարցին, թե հերքելու դեպքում նա կհայտնի՞ անունները, Ս.Սիրունյանն ասաց. «Եթե հասանելի լինեմ, այո'»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա