«Skype»-ի խոսակցություններին հնարավոր է ծանոթանալ նաև Հայաստանո՞ւմ
Միջազգային մամուլը ողողված է Microsoft ընկերության «Skype» ծառայության միջոցով ինտերնետ-հեռախոսազրույցները լսելու մասին լուրերով, որոնք որոշ իրարանցում են առաջացրել նաև «Skype»-ից օգտվող հայաստանցիների շրջանում:
Երկար ժամանակ «Skype»-ը համարվել է «անձեռնմխելի». տվյալների թվայնացման բարդ համակարգը և ապակենտրոնացված ցանցը ծառայությունը դարձրել են անխոցելի` գաղտնալսումների և տվյալներն իմանալու համար: Սակայն երբ Microsoft-ը գնեց ծառայությունը, խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ «Skype»-ը ուզի, թե չուզի պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ: Հիշեցնենք, որ Microsoft-ը «Skype»-ը գնել է նախորդ տարի մայիսին` 8,5 մլրդ ԱՄՆ դոլարով:
Microsoft -ի հայաստանյան ներկայացուցչությունում այս տեղեկության մասին պաշտոնապես ձեռնպահ են մնում որևէ լուր հայտնել: «Այդ ամենի բացատրությունները պաշտոնապես չենք ստացել, երբ ստանանք, կտեղեկացնենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:
Նա ասաց, որ ինքն էլ երեկ է ծանոթացել այդ լուրերին և նշում է, որ մտահոգվելու, առավել ևս` անհանգստանալու կարիք չկա, քանզի անհնար է ու «աբսուրդային» գաղտնալսել «Skype»-ի բոլոր խոսակցությունները:
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների հետ համագործակցության մասին լուրերին, ապա Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի ենթադրությամբ, դա համապատասխանեցվելու է յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը: Օրինակ, Հայաստանում, անհրաժեշտության դեպքում, միայն դատարանի թույլտվությամբ կարելի է ծանոթանալ հեռախոսային խոսակցություններին: Այդպես հնարավոր է անել նաև «Skype»-ի խոսակցությունների հետ:
«Մի բան կարող եմ ասել, որ «Skype»-ը հեռահաղորդակցման ընկերությունների շարքում միջերկրային ու միջքաղաքային տրաֆիքի 25 տոկոսն ունի: Այսինքն խոսքը կարող է գնալ դրա մասին, ինչպե՞ս կարելի է բոլոր օգտատերերի խոսակցություններն ու հեռազանգերը լսել»,- նկատեց Գրիգոր Բարսեղյանը:
Հետաքրքրվեցինք, թե կա՞ տվյալ` «Skype» ծառայությունից Հայաստանում որքան օգտվող կա, Բարսեղյանը պատասխանեց, որ այդ տվյալը դեռևս հայտնի չէ: «Հայաստանում օգտվողների տվյալները դեռևս հայտնի չեն: Նոր ինտեգրացիան է գնում «Skype»-ի և Microsoft-ի, հետևաբար դեռևս չկան տվյալներ: Շուտով հասանելի կլինի այդ տեղեկությունը: Բայց ասեմ, որ Հայաստանը «Skype»-ից օգտվող երկրների շարքում առաջնային տեղերում է, որովհետև ամեն հայ իր համակարգչում ունի «Skype»», -հավելեց Գրիգոր Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին