Ադիբեկյան. Վիտալի Բալասանյանի դեմ «սև PR»- ի տեխնոլոգիաներ չեն կիրառվել
«Արցախում իրականացրած սոցիոլոգիական կանխատեսումներն ընդամենը 5 տոկոսի սխալ են թույլ տվել» ,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`շեշտելով, որ բոլոր կանխատեսումները՝մասնակցության և Բակո Սահակյանի հավաքած ձայների առումով, իրականացան:
«Ես իմ կանխատեսումներով սխալվել եմ ընդամենը 5 տոկոսով: Քննադատությունից խուսափելու համար կարող էի ուղղակի ասել, որ Բակո Սահակյանը կհաղթի և վերջ, սակայն, ինչպես հիշում եք, նաև նշեցի նրա հավաքելիք ձայների մոտավոր քանակը: Ես նաև ասացի, որ ընտրությունները կկայանան մեկ փուլով, և այդպես էլ եղավ»,- ասաց Ադիբեկյանը:
Նա անհիմն համարեց ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի թիմակիցների հայտարարությունները, թե նման կանխատեսումներով ընտրություններից առաջ իշխանություններն իրենց ավելի շատ ձայն ապահովեցին:
«Տատանվող զանգվածի թիվը մեծ չէր և որևէ էական ազդեցություն ընտրությունների վրա այս դեպքում, որ ձայների հարաբերակցությունն այնքան նշանակալի էր, չէր ունենա», - ասաց նա`հերքելով նաև այն պնդումները, թե Վիտալի Բալասանյանի դեմ «սև PR»- ի տեխնոլոգիաներ են կիրառվել:
«Բակո Սահակյանի թիմը ոչ մի բացասական բան չի ասել Վիտալի Բալասանյանի հասցեին, թերևս նրանք կարող էին հրապարակել Պաշտպանության բանակի կոլեգիայի նիստի մի արձանագրությունը, որը կվարկաբեկեր Բալասանյանին», - նշեց բանախոսը: Նրա խոսքով` լավ կլիներ, որ Բալասանյանը հրապարակեր այն ծրագրերը, որն ինքը ներկայացրել է Բակո Սահակյանին, որոնք չեն ընդունվել: Նա նաև կարծիք հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի հաջողությունները պայմանավորված էին Հայաստանի որոշ քաղաքական ուժերի աջակցությամբ:
Սոցիոլոգը նաև չբացառեց, որ ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո Արցախի հասարակությունը տրոհման առջև կկանգնի, սակայն ամեն ինչ ցույց կտա ժամանակը: «Կտեսնենք` պատրա՞ստ է ղարաբաղցին գաղափարական հենքի վրա գնալ երկփեղկվածության, թե՞ կմնա առաջվա նման միահամուռ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա