Կարեն Սարիբեկյան. Ադրբեջանին զենք վաճառող երկրների վրա պետք է արգելք դրվի
«Ո՞ւմ է պետք իրենց միլիարդանոց ռազմական բյուջեն, եթե նրանց զինվորները օրը ցերեկով փախնում են մարտական դիրքերից ու զորամասերից՝ հանձնվում մեր դիրքապահներին, ո՞ւմ է պետք նրանց բյուջեն, եթե նրանց զինվորները իրար դեմ են պատերազմում: Այստեղ խնդիրը ավելի շատ նրանում է, որ ադրբեջանական բանակն անվերահսկելի վիճակում է և ամեն պահ, այդ երկրի ղեկավարությունից անկախ, այնտեղ կարող են վտանգավոր զարգացումներ գրանցվել»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՄԱԿ-ի Սովորական սպառազինության վերահսկման մասին զեկույցը և ըստ Ձեզ ի՞նչ պիտի հետևի այդ զեկույցին, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նշենք, որ հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ներկայացված է Հարավային Կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը:
Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ֆունդամենտալ դերն ու կարևորությունը հատկապես մեծացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը:
Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում և 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում:
Կ. Սարիբեկյանը նշեց, որ երբ միջնորդ երկրները կոչ են անում կողմերին՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստել, պետք է նաև հետևողական լինեն այդ հարցում, քանի որ Ադրբեջանը բացահայտ պատերազմի է պատրաստվում ու իր ժողովրդին դրան տրամադրում:
«Միջնորդների խոսքերը զուտ խոսքեր կմնան այնքան ժամանակ, քանի նրանք Ադրբեջանի նկատմամբ կանխարգելիչ քայլեր չեն իրականացնում: Միջազգային հանրությունը պետք է արգելք դնի այն երկրների վրա, ովքեր զենք-զինամթերք են Ադրբեջանին վաճառում, այս պարագայում դա ուղղակի անթույլատրելի է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները