Ռազմական փորձագետ. Ադրբեջանցի զինծառայողի քայլն անսպասելի չէր
«Ադրբեջանցի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը շատ ցածր է, ինչի հետևանքով զորամասերից ու մարտական հենակետերից փախուստները շատ են: Դա է պատճառը, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից կատարված քայլն ասպասելի չեմ համարում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ եք բացատրում ադրբեջանցի զինծառայողի՝ հայ դիրքապահներին ինքնակամ հանձնվելու փաստը, ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ժամ 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:
Ս. Պետրոսյանը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, գրեթե նմանօրինակ դեպք էր գրանցվել, սակայն այդ ժամանակ ադրբեջանցի զինծառայողները ամեն ինչ արել էին, որպեսզի իրենց համածառայակիցը ինքնակամ չհանձնվի հայ դիրքապահներին. նրան ուղղակի սպանել էին:
Նշենք, որ Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ադրբեջանական հենակետերի միջև փոխադարձ հրաձգություն էր եղել, ինչի արդյունքում ադրբեջանցի զինծառայողներից մեկը չեզոք գոտիով մոտեցել էր հայկական դիրքերին և փորձել էր հանձնվել, սակայն համածառայակից ընկերները դա թույլ չտալու նպատակով վերջինիս սպանել էին, իսկ ավելի ուշ, դիակը դուրս բերել չեզոք գոտուց:
«Ադրբեջանական բանակում տիրող բարքերի մասին բոլորը գիտեն, այդ մասին իրենց վերլուծություններում խոստովանում են նաև ադրբեջանցի փորձագետները: Այնտեղ խնդիր կա և՛ ոչ կանոնադրական հարաբերությունների, և թե՛ էթնիկ պատկանելության առումով: Նմանատիպ գործոնները ծանր հետևանքներ են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա և ստիպում են նման ծայրահեղ քայլերի դիմել»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա