Կոռուպցիա. «Ձերբակալությունները զսպիչ նշանակություն ունեն, սակայն դա խնդրի լուծում չէ»
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի կողմից 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. հունիսը ստացվել է 1580 քաղաքացու դիմում, որոնցից 176-ում պարունակվել են կոռուպցիոն ռիսկեր: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը` նշված դիմումներից պաշտպանվել են 42-ի շահերը, 31 գործ ուղարկվել է դատարան, 211 գործ` ոստիկանություն և դատախազություն: Ըստ բանախոսի` դիմումների զգալի մասը ստանում է Երևանի քաղաքապետարանից, ոստիկանությունից, կադաստրից: Մարատ Ատովմյանի խոսքով` քաղաքացին դիմում է շահերի պաշտպանին, երբ ստանում է անհասկանալի մերժում, ներկայացրած դիմումի ժամկետն անցել է և պատասխան չի ստացել, կամ վատ վերաբերմունքի է արժանացել տվյալ կառույցի կողմից:
ՇՊԱԿ-ի տնօրենը հավաստիացրեց, որ գրեթե դիմումներ չեն արձանագրվել ուսումնական և բժշկական հաստատություններից, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է նաև այլ շահերով: «Փողով դիպլոմ ստանալը, փողով սովորելը դուր է գալիս ուսանողների ծնողներին, նաև շատ դասախոսների»,- ասաց նա: Բանախոսը հայտնեց, որ ՇՊԱԿ-ը դիմել է կրթության նախարարություն՝ առաջարկելով, որպեսզի բուհերն այսուհետ հաշվետվություններ ներկայացնեն իրենց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ` թափանցիկությունն ապահովելու համար:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ վարվող պայքարի արդյունավետությանը, բանախոսը նշեց, որ այն պետք է բազմազան լինի, և միայն մարդականց ձերբակալելով կամ պատժելով չէ, որ հնարավոր է լուծում գտնել, այլ նաև` չարաշահումների, վարչաիրավական, կարգապահական պատասխանատվության ենթարկելով:
«Գուցե ձերբակալությունները զսպիչ նշանակություն ունեն, սակայն դա խնդրի լուծում չէ: Պետք է պաշտոնյաների համար գրավիչ աշխատավարձ սահմանվի, որպեսզի նրանք չչարաշահեն իրենց պաշտոնեական դիրքը: Այս ուղղությամբ հանդիպում ենք ոչ պրոֆեսիոնալ դրսևորումների և անտարբերության»,- ասաց նա: Ըստ բանախոսի, հաճախակի որևէ պաշտոնյա կարող է ոչ կոմպետենտ մոտեցում դրսևորել այս կամ այն հարցի վերաբերյալ, կամ խուսափել այն գործառույթներից, որոնք սահմանված են իր պաշտոնի համար:
ՇՊԱԿ-ի տնօրենի խոսքով` Հայաստանի իշխանությունները բավարար կերպով չեն պայքարում կոռուպցիայի դեմ, բայց նաև չի էլ կարելի ասել, որ ոչինչ չի արվում: Նա նաև փաստեց, որ հասարակությունն ավելի գիտակ է դարձել կոռուպցիոն ռիսկերի մասին, և շատ անգամ` որևէ պաշտոնյայի հետ առնչվելուց առաջ խորհրդակցում են կամ փորձում իմանակ այն օրենքների շրջանակները, որոնք կապված են այս կամ այլ երևույթի հետ: