Բաքուն խաղարկում է արդեն իսկապես չարչրկված քաղաքական – քարոզչական սցենարը
«Ալի Հասանովի հայտարարության բովանդակությունն ինքնին արտառոց չէ, արտառոց է հայտարարության համար ընտրված պահը՝ հայ դիրքապահներին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի կամավոր գերի հանձնվելուց անմիջապես հետո, վերջինիս առաջ բերած անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ֆոնին».- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի այն հայտարարությունը, որ եթե հայկական կողմը կառուցողական մոտեցում չորդեգրի, ապա մոտ ժամանակներս Ադրբեջանը «կազատագրի իր հողերը», ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այո՛, Ադրբեջանից հայոց երկու պետությունների հանդեպ բխում է մշտական վտանգ, այո՛ տեսականորեն պատերազմի հավանականությունն առկա է անընդհատ: Սակայն այսօր՝ ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, խոսել մոտալուտ ապագայում պատերազմի վերսկսման մասին իրատեսական չէ:
Հասանովի հայտարարությունը հարկ է դիտարկել առնվազն երկու տեսանկյունից:
Առաջին. առավել քան ակնհայտ է հայտարարության իրադրական պայմանավորվածությունը: Նման «բոցաշունչ» հայտարարությամբ փորձ է արվում կանխել ադրբեջանի բանակի զինծառայողի կամավոր գերի հանձնվելու պատճառով երկում ճնշող, անկումային բարոյահոգեբանական ֆոնի ստեղծումը, ինչը միանգամայն հավանական է: Չ՞է որ Ադրբեջանում կարող է ձևավորվել հետևյալ հանրային կարծիքը. որքան անտանելի պետք է լինեն զինծառայության պայմաններն ադրբեջանական բանակում, որ զինվորը, ընդ որում ոչ թե Ադրբեջանի բնիկ ազգերից որևէ մեկի ներկայացուցիչն, այլ ազգությամբ անդրկովկասցի թուրքը, կամավոր գերի հանձնվի հայկական կողմին:
Երկրորդ. Բաքուն խաղարկում է արդեն իսկապես չարչրկված քաղաքական – քարոզչական սցենարը. արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական փուլի նախօրեյին փորձելով ահաբեկել հայաստանյան հասարակությանը և այդ կերպ մեր երկրում ճնշումներ հրահրել Հայաստանի բարձրագույն ղեկավարության վրա, որպեսզի վերջինս բանակցություններում գնա զիջումների: Ալիևյան վերնախավն այդպես էլ չհամոզվեց, որ այդ պարզունակ քարոզչական հնարքը սնանկ է, անարդյունավետ: Այս խնդրի վերաբերյալ մեր երկրում տիրապետում է առողջ հանրային դիրքորոշում. ադրբեջանական շանտաժին տրվելով խաղաղություն չես ստանա»,- ասաց Դ. Ջամալյանը:
«Իսկ կծառայի՞ արդյոք Ալի Հասանովի այս հայտարարությունը վերը նշված նպատակներին: Համոզված եմ որ ո°չ, և ահա° թե ինչու: Նախևառաջ բերենք այդ հայտարարությունից մի դրվագ. «…մենք գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով մոտ ժամանակներս կազատագրենք մեր հողերը»: Դժվար է պատկերացնել փոխվարչապետ Ալի Հասանովին, ով Ադրբեջանի առավել կոռումպացված բարձրաստիճան չինովնիկներից մեկի համբավն ունի, և ում կարողությունն ամենահամեստ հաշվարկներով կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար զենքը ձեռքին գրոհի նետվելիս: Վստահ եմ, որ թե Ադրբեջանում նույնպես դժվար է գտնել մեկին, ով պատկերացնի Ալի Հասանովին մարտի դաշտում՝ անձնազոհության պոռթկում ապրելիս: Հետևաբար ինքնին փաստը, որ պատերազմի վերսկսման սպռնալիքը հնչեցնում է նման մեկը, ի սկզբանե զրոյացնում է այդ սպառնալիքի ողջ քարոզչական էֆեկտը»,- եզրափակեց փորձագետը: