Նախապատրաստական բաժինների սիրիահայ ուսանողների վարձավճարն այս տարի կհաշվարկվի 50 տոկոս նվազեցված սակագներով
Սիրիայում ստեղծված իրավիճակն այսօր քննարկվել է Կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները.
«Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, և պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները և լծակները` կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար: Հասարակությունը ևս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ և մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու և մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաև սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը` դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար»,- ԿԳՆ լրատվականի հաղորդմամբ ներկայացնելով առկա խնդիրները նշել է նախարար Աշոտյանը:
Ինչ վերաբերում է հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը, նախարարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Հիմնական դպրոցներում քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել` համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաև անհատական մոտեցման համատեքստում:
Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաև ավագ դպրոցներում` մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց և հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Անդրադառնալով ուսուցման եղանակներին Ա.Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արևելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արևմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռևս չկա.
«Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով` շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախևառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաև գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արևմտահայերենի մասնագետների»,- հայտարարել է նա:
Բացի այս, նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը, առաջարկով դիմել բուհերին` նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը` խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով: Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածխության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր` փորձելով որոնել համապատասխան ուղիներ` այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար: Նաև հրահանգել է հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան