Ընտրակաշառք բաժանելու մասին «ԳԱԼԱ»-ի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ, վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Էս ինչ հաշիվ աաա» տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընտրությունների օրը, մայիսի 6-ին, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել:
Դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` պարզվել է, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր չէ:
Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել և այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաև` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու և առավել ևս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:
Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ ևս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 21-րդ, 53-րդ և 185-րդ հոդվածներով` 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցվել քրեական գործ:
Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:
Նախորդիվ`
Գյումրիում ընտրակաշառքի գործով նախաքննության ընթացքը չի բավարարում դատախազությանը. Հնարավոր են նոր քրեական գործեր
Շիրակի մարզի դատախազը երրորդ անգամ է հանձնարարել ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա