Մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա իր սեփական տանիքը
Մնջախաղի պետական թատրոնը մինչ օրս սեփական շենք չունի և վարձակալության հիմունքներով գործում ու բեմադրություններ ներկայացնում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընթերցեց նախօրեին քաղաքապետարանից իրեն հասցեագրված նամակը, որում ասված էր. «Երևանի քաղաքապետարան հասցեագրված ձեր խնդրանքի` «Երևանի մնաջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի համար լիաժեք աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով տարածքային խնդիրների ապահովման հարցի հետ կապված, հայտնում ենք` թատրոնի համար որպես նախընտրելի տարածք նախատեսվում է առաջարակել Հյուսիսային պողոտայի տարածքում պողոտային ուղղահայաց դեպի արևմուտք՝ Տերյան և Պուշկին փողոցների հատման խաչմերուկի կողմը ձգվող, բացվող, գոյություն ունեցող երկու ծավալային շինությունների միջանկյալ հատվածում: Թատրոնի համար մշակվել է նաև նախնական էսքիզային նախագիծ: Ներկայումս բանակցություններ են ընթանքում այդ շինությունների սեփականատեր սուբյեկտների հետ: Քննարկումների ավարտից, որոշակի տեխնիկական խնդիրների պարզաբանումներից հետո ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք հետագա գործընթացների մասին»: Ժ.Դադասյանն ասաց, որ պատասխանել է անձամբ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, սեպտեմբերի սկզբին կանեն նախագծի շնորհանդեսը, սակայն հնարավոր է, որ մինչև սեպտեմբեր տարածքում արդեն սկսվեն շինարարական աշխատանքներ: «Հենց տեսնեք այդ հատվածում սկսվել է շինարարական աշխատանքներ, նշանակում է, որ սկսվել է մեր թատրոնի շենքի կառուցման աշխատանքները»,- ասաց նա: Ժ. Դադասյանը նշեց, որ նախատեսված է շենքը կառուցել վեց ամսում:
Մնջախաղի թատրոնի մուտքը 1969թ.-ին էր։ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանը ստեղծել էր «Տուշպա» թատերախումբը: 1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրել է իր անդրանիկ ամբողջական ներկայացումը և ճանաչվել «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ»` ընդգրկվելով Հայհամերգի կազմում։ Այդ թավականը համարվում է Մնջախաղի թատրոնի ստեղծման տարեթիվ (գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արսեն Փոլադով)։ 1983թ. թատրոնն ստացել է պետական կարգավիճակ և կոչվել «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ Թատրոնի ոճը դասական մնջախաղն է, խաղացանկը` միմոդրամատիկ խաղեր: 1998թ.-ից գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան