Սիրիա հավելյալ չվերթ կատարելու համար ՀՀ կառավարությունը ամեն ուղևորի համար պետք է վճարի 100 հազար դրամ
ՀՀ սփյուռքի նախարարությունը երեկ «Արմավիա» ավիաընկերությունից ստացել է համապատասխան գրություն, որում նշվում է, որ «Արմավիան» կարող է բացել հավելյալ չվերթներ Սիրիա, եթե յուրաքանչյուր տոմսի համար ՀՀ կառավարությունը փոխհատուցի 100 հազար դրամ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ այսօր այդ նամակը ուղարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով, որ այն քննարկեն: «Մի քիչ համբերությամբ լցվենք՝ մինչև քննարկումն ավարտվի»,- ասաց նա:
Ֆ.Զաքարյանը նշեց, որ Սիրիայից զանգվածային հոսք դեպի Հայաստան գոյություն չունի: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, տպավորությունն այնպիսին է, որ սիրիահայերը Հայաստան են եկել ժամանակավոր` կոնֆլիկտի գոտուց զերծ մնալու նպատակով:
«Երեքշաբթի օրն ենք դիմավորել սիրիահայերի, սակայն պետք է նկատել, որ Հալեպից Երևան ժամանած ինքնաթիռի միայն 70% տեղերն են զբաղված եղել: Այսինքն, բոլորը չէ, որ ցանկություն ունեն Հայաստան վերադառնալու»,- ասաց Ֆ.Զաքարյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, եթե Սիրիայից զանգվածային հոսք լինի, ապա իրենք պատրաստ են անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների համար: Սակայն թյուր կարծիք կա, որ Սիրիայից մասսայական գալիս են Հայաստան և նրանք կեցության խնդիր ունեն: «Սփյուռքի նախարարություն այցելած 120 սիրիահայրերից միայն 6-ն է կացարան խնդրել, նույնքան մարդ էլ ցանկություն է հայտնել մնալ Հայաստանում: Մնացածի դիրքորոշումը հստակ է՝ եկել են երկու-երեք շաբաթով, իսկ դրանից ավելի կմնան միայն այն դեպքում, եթե Սիրիայում կոնֆլիկտը շարունակվի: Այսինքն՝ նրանք ժամանակավոր են Հայաստանում և վերադառնալու են»,- ասաց Ֆ.Զաքարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այն սիրիահայերը, ովքեր ցանկություն ունեն բնակություն հաստատել Հայաստանում՝ նրանց արդեն կացարաններ տրամադրել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները