«Голос Армении». Թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի «ականջները» քանդեցին Կոնգրեսը
«Քաղաքական վերլուծության քողի տակ Գագիկ Ծառուկյանին ուղղված առաջին իսկ «մեսիջում» Լևոն Տեր-Պետրոսյանը պայման դրեց առ այն, որ Կոնգրեսը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե Ծառուկյանը հրաժարվի կոալիցիայից և Ռոբերտ Քոչարյանից: Ծառուկյանն անպատասխան թողեց այդ «մեսիջը», ինչի արդյունքում որոշ ժամանակ անց Տեր-Պետրոսյանն ինքն իր համար որոշեց, որ ԲՀԿ-ի առաջնորդը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանից, կոալիցիայից, Սերժ Սարգսյանից՝ հանուն Տեր-Պետրոսյանի գրկում հայտնվելուն: Նախկին նախագահն ինքն իր համար հեքիաթ է հորինել և հիմա ցանկանում է, որ մյուսներն էլ հավատան այդ հեքիաթին»,-գրում է «Голос Армении»-ն:
Ինչպես նկատում է թերթը, այն պահից սկսած, երբ Տեր-Պետրոսյանը սկսեց մարդկանց համոզել, թե ինքը թիրախային դեր է խաղում Ծառուկյանի քաղաքական կյանքում ՀԱԿ-ը լքեցին «Հանրապետություն» և Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցությունները, մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, Դավիթ Շահնազարյանը, որը շարունակում է տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները ԲՀԿ-ի հետևում:
Ըստ թերթի, հանուն Ծառուկյանի հետ համագործակցության՝ Տեր-Պետրոսյանը ոչ միայն պատրաստ է հայտարարել, որ վերջինս օլիգարխ չէ և վերջինիս հետևում պետք չէ տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները, այլև կասի, թե Քոչարյանն ընդհանրապես երբևէ ականջներ չի ունեցել: Հանուն ԲՀԿ-ի հետ սիրավեպի ՀԱԿ-ը խորհրդարանում չնախաձեռնեց 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում, քանի որ այդ պարագայում իրենք ստիպված կլինեն հաստատել մարտի 1-ի դեպքերին Ծառուկյանի պահակազորի մասնակցության վերաբերյալ իրենց մեղադրանքները, ինչը այս պարագայում ձեռնտու չէ Լ. Տեր-Պետրոսյանին: