Լևոն Հովսեփյան. Թուրքիայի ռազմականացման նման տեմպերը կարող են նոր ռազմական բախումների բերել
Թուրքիայի ռազմավարական պլանով, ըստ թուրքական ԶԼՄ-ների, նախատեսվում է, որ 2016 թ. Թուրքիան սպառազինության ձեռքբերման ուղղությամբ կծախսի 8 մլրդ դոլար, իսկ Թուրքիայի կողմից ռազմական արտահանման ընդհանուր գումարը կհասցվի 2 մլրդ դոլարի: Այս հարցերի և Թուրքիայի ռազմական նախագծերի ու ռազմականացման միտումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Պարոն Հովսեփյան, Թուրքիայի կողմից ինչպիսի՞ ռազմավարական խնդիրներ են դրված առաջիկա տարիների համար:
-Նախ` Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը և կառավարության կողմից լուրջ ուշադրություն է դարձված այդ ոլորտին: Թուրքիան սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ ցանկանում է սպառազինության ապահովման ոլորտում ձեռք բերել որոշակի ինքնաբավություն և նվազեցնել իր կախվածությունն այդ հարցում այլ երկրներից: Կարելի է նշել, որ այդ առումով թուրքական ռազմաարդյունաբերությունը որոշակի հաջողություններ արդեն գրանցել է: Սակայն, մյուս կողմից էլ դեռ Թուրքիան ի վիճակի չէ կարևորագույն սպառազինությունների ոլորտում ինքնուրույն ծրագրերի իրականացմանը, ուստի դեռևս օգտվում է առաջատար տեխնոլոգիաներից և դրանք ձեռք է բերում արտերկրից` հիմնականում Արևմուտքից:
Մյուս կարևոր գործոնն այն է, որ Թուրքիան փորձում է իր ռազմաարդյունաբերական համալիրի միջոցով հանդես գալ որպես ռազմական մատակարար: Կարևորագույն խնդիր է դիտվում թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալների մեծացումը:
Այսինքն` մի կողմից ինքն է օգտվում հիմնականում արևմտյան տեխնոլոգիաներից, սպառազինություններից, մյուս կողմից ձգտում է հանդես գալ որպես մատակարար, արտահանող երկիր:
Հիմնականում Թուրքիան ռազմական տեխնիկա է արտահանում Մերձավոր Արևելքի երկրներ, Վրաստան, Ադրբեջան, միջինասիական թյուրքալեզու երկրներ, այսինքն հիմնականում այնպիսի երկրներ, որոնց հետ կապված ունի աշխարհաքաղաքական ինչ-ինչ հավակնություններ: Ակնհայտ է նաև, որ թուրքական արտադրանքը չի կարող մրցունակ լինել Արևմուտքում:
Թուրքիան անընդհատ մեծացնում է սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ իր ծախսերը:
Փաստորեն, վերջին տարիներին Թուրքիան տարեկան սպառազինության ուղղությամբ ծախսում է մոտ 3-5 մլրդ դոլար, իսկ արդեն 2016 թ. նախատեսվում է, որ այդ ցուցանիշը հասցնել 8 մլրդի:
-Ինչպիսի՞ խոշոր ռազմական նախագծեր է փորձում իրականացնել Թուրքիան:
-Հարկ է նշել, որ հատկապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին ինչպես ռազմաարդյունաբերության, այնպես էլ սպառազինության ձեռքբերման առումով լուրջ քայլեր են կատարվում: Հենց ԱԶԿ-ի կառավարման տարիներին սկսեցին առաջադրվել ու իրականացվել բավական հավակնոտ ծրագրեր, ինչպես օրինակ` տիեզերական ծրագիրը, սեփական կործանիչի արտադրությունը, հեռահար հրթիռների մշակումն ու արտադրությունը և
այլն: Պատահական չէ, որ հենց վարչապետ Էրդողանի ցուցումով սկսվեց հեռահար հրթիռների մշակման ուղղությամբ գործընթացը: Մի շարք հավակնոտ նախագծերի հետ կապված Թուրքիայի հնարավորությունները դեռևս իրատեսական չեն դիտվում և կարելի է ասել դրանք ներկայում գերագնահատված են:
-Որո՞նք են Թուրքիայի կողմից իրականացվող նման սպառազինման պատճառները:
-Նախ, Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում իր հարևանների նկատմամբ հասնել առավելագույն ռազմական գերակայության: Դառնալ տարածաշրջանում ռազմական տերություն: Թուրքիան փորձում է խոշոր ծախսերի միջոցով բանակը համալրել գերժամանակակից սպառազինությամբ ու աստիճանաբար հրաժարվել արդեն հնացած տեխնիկայից:
-Իսկ Թուրքիայի սպառազինման նման միտումներն ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
-Պետք է նշել, որ ինչպես իր տնտեսական զարգացումն ու հնարավորությունները, այնպես էլ ռազմական ներուժը բավական ինքնավստահություն են տալիս այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Եվ նման ինքնավստահությանը մենք ականատես ենք լինում հատկապես վերջին շրջանում:
Թուրքիայի լայնածավալ սպառազինման միտումները բավական լուրջ մարտահրավերներ են առաջացնում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման նման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ:
Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը, թուրք-սիրիական լարված հարաբերությունները, Թուրքիայի ռազմաքաղաքական հավակնությունները և իր մի շարք հարևանների հետ ոչ բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների անկանխատեսելի վարքագիծը` կարելի է ենթադրել, որ բավական բարձր է Թուրքիայի կողմից ռազմական ուժի կիրառման հավանականությունը: