Մեքսիկայում «Բեթմեն»-ի արկածները ուղեկցվել են հրդեհով
«Բեթմեն»-ի նոր ֆիլմը, ըստ ամենայնի, միստիկ ինչ-որ բան է իր մեջ պարունակում՝ գրեթե բոլոր տեղերում ֆիլմի պրիմիերան ուղեկցվում է արտառոց դեպքերով ու արտակարգ իրավիճակներով: Նոր միջադեպ է տեղի ունեցել ֆիլմի ցուցադրմանը Մեքսիկայում, Սապոպան քաղաքում՝ ցուցադրության պահին կինոթատրոնի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն զվարճանքի կենտրոնից տարհանվել է 800 մարդ: Նախնական վարկածով այրվել է կինոթատրոնի հարակից տարածքում գտնվող աղբանոցը, սակայն քաղաքի իշխանությունները չեն բացառում, որ հնարավոր է նաև միտումնավոր հրկիզում:
Հիշեցնենք, ֆիլմի պրեմիերան ԱՄՆ Կոլորադոյի Ավրորա քաղաքում ավարտվեց հրաձիգությամբ, որի հետևանքով 24-ամյա Ջեյմս Հոլմսի հարձակումից զոհվել էր 12 մարդ, ևս 58-ը վիրավորվել: