Հայաստանն իր «Մուսկատով» արժանացել է գինեգործական միջազգային մրցույթի արծաթին
Հարավային Ֆրանսիայում` Լանգեդոկ Ռուսսիկյոն շրջանում այս տարվա հուլիսին անցկացված «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում Հայաստանի մուսկատ տեսակի գինին արժանացել է արժաթե մեդալի:
2000 թվականից կազմակերպվող այս մրցույթին մասնակցում էին գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպություններ ու անհատներ, որոնք ներկայացնում են հիմնականում մուսկատ տեսակի խաղողից գինիներ: Միջազգային փորձագետները գնահատել են «Մուսկատ» խաղողի տեսակից պատրաստված 232 գինիներ, որոնք ներկայացրել են 24 երկրներից, մասնավորապես` Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեցարիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից և Իսպանիայից: Հայաստանը մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:
Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիական գինեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Ժան-Բատիստ Սուլան, մրցույթին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է շարունակական դառնալ:
«Առաջին անգամ, երբ խոսեցինք այս մրցույթին Հայաստանի մասնակցության մասին, կարծիք կար, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող մասնակցել, քանի որ երբեք ներառված չէր եղել ոչ միայն մասնակիցների ցուցակում, այլ ընդհանրապես` որևէ նման միջազգային մրցույթի: Մասնակցությամբ` Հայաստռանը կրկին անգամ աշխարհին ապացուցեց, որ ունի այնպիսի հողեր, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան գինի ստանալու հնարավորություն են տալիս», - արձանագրեց բանախոսը` կարևորելով ոչ միայն Հայաստանի մասնակցությունը, այլ նաև` մրցութային տեղը: