Գոհար Պողոսյանն ԱԺ-ում կադրային ու կառավարչական հարցեր է լուծում
Մինչ քաղաքական դաշտը գտնվում է ամառային արձակուրդի մեջ, պետական մարմինների միջին ու ստորին օղակների աշխատակիցները փորձում են ինտրիգներ լարել՝ սեփական դիրքն ամրապնդելու ու ցանկություններն իրագործելու համար:
Այսպես, մեզ հասած հավաստի տեղեկություններով, օգտվելով ԱԺ նախագահի հովանավորյալի կարգավիճակից՝ խորհրդարանի աշխատակազմում կադրային հարցեր լուծելու լիազորություններ է ստանձնել կամ առնվազն նման ցանկություն է ցուցաբերում ԱԺ նախագահի մամլո քարտուղար Գոհար Պողոսյանը:
Վերջինս, Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահի պաշտոնը ժամանակավոր թողնելուց հետո գնաց ԱԺ-ից, իսկ վերադառնալուց հետո կրկին պաշտոն ստացավ, այժմ բուռն գործունեություն է ծավալել ԱԺ աշխատակազմի՝ իր համար անցանկալի անձանցից ազատվելու ուղղությամբ:
Նրա թիրախում են հատկապես այն անձինք, ովքեր Սամվել Նիկոյանի օրոք, իր կարծիքով, կապ են ունեցել իրեն հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից ազատելու հետ:
Ցանկում առաջինը ԱԺ կադրերի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն էր: Որոշ տեղեկություններով՝ հաջորդը Հրայր Զորյանն է, ով զբաղեցնում է Գոհար Պողոսյանի նախկին պաշտոնը:
Սրան զուգահեռ, Գոհար Պողոսյանը, չնայած մասնագիտական համեստ կարողություններին, ինքն էլ պաշտոնական վերելքի է ձգտում: Նա, մասնավորապես, հավակնում է ԱԺ նախագահի առաջին խորհրդականի պաշտոնին: Այդկերպ Գոհար Պողոսյանը կունենա անորոշ, բայց՝ լայն լիազորություններ և գործելու ազատություն:
ԱԺ առանձին աշխատակիցների պնդմամբ՝ Գոհարն արդեն իսկ «ստանձնել» է այդ պարտականությունները, և այս օրերին լծվել է իր անհրաժեշտությունն ապացուցելու գործին՝ դրան ծառայեցնելով տարատեսակ դավերի քողազերծումը ինչպես ԱԺ աշխատակազմում, այնպես էլ՝ լրատվամիջոցներում: Բնականաբար, «տապալված դավերին» հաջորդում է վհուկների որսը, իսկ վհուկներին հնարում է հընթացս: Սպասվում է, որ արդեն սեպտեմբերին Գոհար Պողոսյանի թիրախում հայտնված մի շարք աշխատակիցներ կզրկվեն իրենց պաշտոններից, իսկ անցանկալի լրագրողների մուտքն ԱԺ կարգելափակվի:
Ըստ ամենայնի, կադրային ու կառավարչական որոշումների հարցում Գոհար Պողոսյանն արդեն իսկ նախնական հավանության երաշխիքներ ունի, քանի որ իր հետ համագործակցող լրագրողներին վստահեցրել է, որ առաջիկայում «ամեն ինչ լավ է լինելու»: