Վարդան Օսկանյանը դիմել է Վերաքննիչ դատարան
«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի հուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ մասին տեղեկացնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:
Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան վերաքննիչ դատարան դիմելու համար: «Դատարանը իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որևէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հասցեագրված նամակով հարցադրում է արել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով: