Գյումրիում, Էջմիածնում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ից
Սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցից:
Իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Այս ընտրություններում բոլորի ուշադրությունը սևեռվելու է Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, որտեղ դեռևս երկու թեկնածուի անուն է շրջանառվում` «Բարգավաճ Հայաստանն» այստեղ առաջադրել է Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ ՀՅԴ-ն` Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Ավելի վաղ քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարած Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առայժմ պասիվ է և չի պնդում առաջադրվելու իր որոշումը:
Մյուս խոշոր քաղաքը, որտեղ կայանալու են քաղաքապետի ընտրություններ, Էջմիածինն է լինելու. Այստեղ առաջադրվելու է գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը: Եվ եթե նախօրեին լրատվամիջոցներին նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան (Ճոյտը) հայտարարել էր, որ չի բացառվում, որ կառաջադրվի քաղաքապետի ընտրություններում, ապա այսօր Panorama.am-ին նա հաստատ ասել է, որ չի առաջադրվի: