Ուրուգվայական թերթն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին
Ուրուգվայական «180» օրաթերթն, անդրադարձ կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ուրուգվայ կատարած այցին, իր` «Ազերի արտգործնախարարի այցն անհանգստացնում է հայերին» վերնագրով հոդվածում ընդգծում է ուրուգվայահայության շրջանում առկա մտահոգությունները:
Հոդվածը մանրամասն անդրադարձ է կատարում ԼՂՀ հակամարտության պատմությանը` նշելով, որ Լեռնային Ղարաբաղը 1921 թ. Ստալինի որոշմամբ Հայաստանից անջատվեց և տրվեց Ադրբեջանին, որի շնորհիվ ավելի քան 100 հազար հայեր հայտնվեցին ամբողջովին տարբեր մշակույթ ունեցող տիրապետության ներքո: «1988 թ. այդ շրջանի բնակչությունը հանդես եկավ Հայաստանին վերամիավորվելու խնդրանքով, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին ռասսայական հետապնդումներ այդ երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերի նկատմամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո կոնֆլիկտը առավել սրվեց և Ադրբեջանի կառավարությունը, ձեռք բերելով խորհրդային բանակի սպառազինությունը, օգտագործեց այն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ»- նշվում է հոդվածում:
1991 թ. այդ շրջանը հռչակեց անկախություն և մինչև 1994թ. տևած արյունալի պատերազմից հետո, որի արդյունք էին մոտ 30 հազ զոհերը և հազարավոր տեղահանվածներ, 3 ներգրավված կողմերը ստորագրեցին հրադադար (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան):
Հոդվածում նշվում է, որ հրադադարը պահպանվում է առայսօր և խնդրի լուծման շուրջ բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ):
«Ներկայումս բանակցություններն անարդյունք են արդբեջանական կողմից հնչող ռազմական ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: Ադրբեջանը բանակցություններում չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, քանզի այն համարում է իր տարածքի մասը:
Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 20 տարվա անկախություն ունեցող պետություն է, որում այս ամիս տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները: ԼՂՀ-ն ունի ձևավորված խորհրդարան և ողջ Հարավային Կովկասում ժողովրդավարության մակարդակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը»- եզրափակում է հոդվածագիրը: