Փորձագետ. Սիրիահայ համայնքը պետք է զգա, որ իրենց թիկունքում հայրենիքն է կանգնած
Սիրիահայերը մտադիր են անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել: Այս մասին այսօրվա ասուլիսին կարծիք հայտնեց արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիրիահայերի շրջանում նկատվում է որոշակի ընկճվածության տրամադրություններ և սիրիահայերը նշում են, որ պետք է ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ և պաշտպանել հայկակական թաղամասերը»,-ասաց նա:
Ըստ բանախոսի` սիրիահայերն ռազմական լուրջ բախումների սկսվելուց հետո փորձեցին չեզոք մնալ, թեև մինչ հակամարտությունը հայտարարել էին, որ աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի որ նրա կառավարման տարիներին համայնքը կարողացավ լրջորեն կազմակերպվել և բարգավաճել:
Խոսելով դեպի Հայաստան սիրիահայերի տարհանման անհրաժեշտության մասին, փորձագետը նշեց, որ սիրիահայերը Սիրիայում ունեն կուտակված հարստություններ, ունեցվածք և այդքան հեշտ չեն թողնելու այդ ամենը և տեղափոխվելու հայրենիք: Ըստ նրա, շատ սիրիահայեր տեղափոխվում են Լիբանան՝ իրենց հարազատների մոտ, սակայն Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի սիրիահայերի հոսքին դեպի հայրենիք:
«Սիրիահայ համայնքը պետք է զգա, որ իրենց թիկունքում հայրենիքն է կանգնած»,- շեշտեց Մանուկյանը, կարծիք հայտնելով, որ Հայաստանից պետք է անընդհատ պատվիրակություններ մեկնեն Սիրիա, ամեն օր պետք է լուսաբանվի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները:
Նկատելով, որ Դամասկոսում շարունակում է գործել հայկական դեսպանատունը, իսկ Հալեպում՝ հյուպատոսությունը, փորձագետն ընդգծեց, որ այդ հանգամանքը նույնպես ոգևորում է տեղի հայությանը, քանի որ հայկական դեսպանատունը այն եզակի դեսպանատներից է, որը շարունակում է գործել:
Ըստ բանախոսի, Սիրիայից որոշակի հոսք դեպի Հայաստան, այնուամենայնիվ, կլինի, բայց 60.000 սիրիահայ համայնքը չի տեղափոխվի և կմնա երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները