Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունների վատթարացումն անխուսափելի է
Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները Կասպից ծովի ջրային տարածքների և դրանցում առկա էներգակիրների օգտագործման շուրջ բավականին սրվել է: Սրա առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ադրբեջանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սարգիս Ասատրյանի հետ:
-Պարոն Ասատրյան, վերջին ժամանակներում կրկին լարվել էին Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները: Ինչո՞վ է դա բացատրվում:
-Հիմնական պատճառը Կասպից ծովի բաժանման խնդիրն է: Ինչպես հայտնի է, այստեղ կան նավթի և գազի հսկայական պաշարներ, և բնական է, որ կողմերից ոչ ոք չի ցանկանում դրանք զիջել հարևաններին: Խորհրդային միության տարիներին Կասպից ծովի կարգավիճակը հստակ որոշված էր. այն բաժանվել էր Իրանի և ԽՍՀՄ-ի միջև: Վերջինիս փլատակների վրա ձևավորված մերձկասպյան հանրապետություններն արդեն 20 տարուց ավել է չեն կարողանում ծովը բաժանել սեկտորների: Դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում նրանց միջև: Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև այն հասավ իր գագաթնակետին 1996 թ., երբ կողմերի միջև համարյա պատերազմական իրադրություն էր ստեղծվել: Այնուամենայնիվ, երկու երկրները կարողացան գալ որոշակի համաձայնության, և բանը չհասավ բախման: Չնայած դրան՝ Կասպից ծովի կարգավիճակն այսօր մերձկասպյան երկրների համար ամենացավոտ խնդիրներից մեկն է: Միայն ծովի հյուսիսային հատվածն է բաժանվել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, և այնտեղ արդեն ընթանում են ածխաջրածնային հանքերի շահագործման աշխատանքներ: Իսկ հարավային հատվածում դեռևս կան վիճելի տարածքներ, և դժվար թե մոտ ապագայում լուծվի դրանց պատկանելիության խնդիրը:
-Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը փորձում են ուժեղացնել իրենց ռազմածովային ուժերը՝ ձեռք բերելով համապատասխան սպառազինություն:
-Վերջին ժամանակներում ադրբեջանական լրատվամիջոցները լրջորեն մեղադրում էին Թուրքմենստանին ռազմածովային տեխնիկա ձեռք բերելու և Կասպից ծովում ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձերի մեջ: Թուրքմենական կողմին իր հերթին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից վերջերս մեծաքանակ տեխնիկայի ձեռքբերման փաստը: Իրադարձությունների նման ընթացքը լրջորեն անհանգստացնում է նաև Իրանին, որը նույնպես իր շահերն ունի Կասպից ծովում: Բացի դրանից Իրանում լուրջ մտավախություն ունեն, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմածովային տեխնիկան կարող է օգտագործվել հենց այդ երկրի դեմ: Իրականում Կասպից ծովն արդեն գերհագեցած է ռազմական տեխնիկայով: Մերձկասպյան երկրները չեն ցանկանում որևէ զիջումների գնալ, և այս համատեքստում Թուրքմենստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կմնան լարված մինչև Կասպիցի վերջնական կարգավիճակի որոշումը, ինչը մոտ ժամանակներս նույնպես ոչ իրատեսական է թվում:
Տպավորություն է ստեղծվում, որ Բաքվից և Անկարայից հաճախ հնչող այսպես կոչված «թյուրքական եղբայրության» մասին թեզը երկրորդ պլան է մղվում, երբ ի հայտ է գալիս իրական տնտեսական և քաղաքական շահերի բախում:
Իրականում «թյուրքական եղբայրությունը» կամ պանթյուրքիզմի այլ նմանօրինակ լատենտ դրսևորումները վաղուց արդեն ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը: Դժվար է որևէ նմանություն գտնել, ասենք, Թուրքիայի բնակչի և չուվաշի միջև, բացի նրանից, որ նրանք խոսում են թյուրքական լեզուների տարբեր բարբառներով: Այս փաստը բնավ չի կարող կապող օղակ հանդիսանալ ծագումնաբանորեն, մշակութապես և աշխարհընկալմամբ բոլորովին տարբեր, թյուրքախոս ժողովուրդների միջև: Ադրբեջանն իր անկախացումից ի վեր նաև այս սին թեզի հիման վրա փորձում է թյուրքական պետություններին համախմբել Հայաստանի դեմ, սակայն այդ բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, իսկ մեր երկիրը հիանալի հարաբերություններ ունի միջինասիական թյուրքալեզու հանրապետությունների հետ: Միևնույն ժամանակ մեզանում էլ պետք է հստակ գիտակցվի, որ Հայաստանը խնդիրներ ունի ոչ թե թյուրքալեզու աշխարհի, այլ իր հանդեպ ագրեսիվ տրամադրված կոնկրետ հարևանների՝ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ: Այսպես կոչված «թյուրքական եղբայրության» գաղափարը վաղուց արդեն կորցրել է իր հրատապությունը՝ հատկապես Կենտրոնական Ասիայում, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում այն մերթընդմերթ արծարծվում է զուտ քարոզչական նպատակներով և որևէ կենսունակ հիմք ուղղակի չի կաորղ ունենալ, ինչպես ամեն մի կեղծ բան: