Հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում, իսկ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ՝ 2.3 % գնաճ
2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. հուլիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.2%, ծառայությունների սակագներինը՝ 101.5%:
2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):
2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.3-1.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով: