Հայաստանում անապատացման վտանգավոր տենդենց կա. ահազանգում է մասնագետը
«Հայաստանում գյուղատնտեսության վիճակն այսօր բավականին վատ կարելի է համարել։ «Գյուղնախարարությունը ներկայացնում է, թե ամեն ինչ լավ է, գյուղատնտեսությունը զարգանում է, գյուղերը շենանում են, գյուղացիների վիճակը լավ է, բայց իրականում պատկերն այլ է` գյուղացին դժգոհ է, գյուղատնտեսությունը հետզարգացում է ապրում», այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆերմերային շարժում հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Նրա հաստատ համոզմամբ, Հայաստանում հողի սեփականաշնորհման սխալ գործընթաց է տեղի ունեցել, որն էլ գյուղերում հանգեցրել է բևեռացման. մի քանի խոշոր հարուստներ իրենց ձեռքում են կենտրոնացրել հողը, իսկ գյուղացին շարունակում է մնալ աղքատ:
Սեդրակյանն ասաց, որ սակավահող Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը շատ քիչ են։ Մշակելի հողատարածքը ընդամենը 560 հազար հեկտար է: «Այսինքն՝ հետզարգացում է գնում, հողերը էռոզիայի են ենթարկվում։ Հայաստանում անապատացման վտանգավոր տենդենց է գնում», - հայտարարեց մասնագետը` հիշեցնելով, որ Հայաստանը ստորագրել է անապատացման դեմ կոնվենցիա, որի պահանջները այդպես էլ չեն կատարվում:
«Պետությունը դա չի էլ թաքցնում։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի մշակելի հողերի 37-40% չի մշակվում։ Բայց, եթե հետազոտություններ արվի, այդ թիվն իրականում 60-70%-ի հասնում, ինչը սարսափելի է», - ահազանգում է Սեդրակյանը