Իրանը Կասպից ծովում բարձրորակ նավթի նոր հանքավայր է հայտնաբերել
Իրանը Կասպից ծովում բարձրորակ նավթի նոր հանքավայր է հայտնաբերել:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է «Նավթ-է Խազար» ընկերության գործադիր տնօրեն Ալի Օսուլին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Կասպից ծովում հայտնաբերված առաջին նավթահանքի հորատման աշխատանքներից հետո շուտով կսկսվի երկրորդինը: «Նավթ-է Խազար» ընկերության գործադիր տնօրենը հավելել է, որ նոր հայտնաբերված հանքավայրի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որտեղից նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել: Այդ առնչությամբ ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում և կփոխի տարածաշրջանի քաղաքական և էներեգետիկ հավասարակշռությունը:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանը պնդում է, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում Ադրբեջանը ոչ մի մասնաբաժին չունի
Իրանի բանակի ռազմածովային ուժերի սուզանավերը կտեղակայվեն Կասպից ծովում